Մատչելիության հղումներ

Զույգի կորուստը բացասաբար է ազդում մարդու առողջության վրա


Ամուսնալուծությունը, բաժանումը կամ զույգի մահը անդառնալի բացասական հետք են թողնում մարդու առողջության վրա: Ուսումնասիրության արդյունքներով այսպիսի եզրահանգման է եկել Միացյալ Նահանգների Չիկագոյի համալսարանի սոցիոլոգների խումբը:

Երկու դեպքում էլ` ե’ւ բաժանումից, ե’ւ ամուսնու կամ կնոջ մահվանից հետո, ըստ անցկացված ուսումնասիրության արդյունքների, մարդու օրգանիզմը հիվանդությունների հանդեպ ավելի մեծ հակում է սկսում դրսեւորել:

Այսպես, նրանք, ովքեր ամուսնալուծված են կամ կորցրել են իրենց զույգին, ամուսնացած մարդկանցից 20 տոկոսով ավելի շատ կարող են ուռուցք ունենալ, տառապել սրտային, դիաբետիկ կամ խրոնիկ այլ հիվանդություններով, 23 տոկոսով ավելի կարող են ունենալ տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ, կամ էլ տառապել դեպրեսիվ հիվանդություններով, ինչն էլ, իր հերթին, կարող է սրտային անբավարարության հիմք դառնալ:

Ուսումնասիրությունների համահեղինակ, սոցիոլոգ Լինդա Ջեյ Վեյթի խոսքերով` իրենց դիտարկումները ցույց են տվել, որ բաժանումը կամ զույգի մահը ավելի շատ իր հետքը թողնում է մարդու ֆիզիկական առողջության, քան` մտավորի վրա, «քանի որ մարդիկ հակված են դժբախտ զգալու դեպքում ուշադիր չլինել ֆիզիկական առողջության հանդեպ` չայցելել բժշկի, եթե վատառողջ են, ախորժակի բացակայության պատճառով կանոնավոր չսնվել, եւ այսպես քայքայել առողջությունը»:

Ուսումնասիրությունը անցկացվել է 51-61 տարեկան մոտ 9 հազար մարդկանց շրջանում: Նրանց հարցեր են ուղղվել առողջության, անցած եւ ներկա բժշկական ախտորոշումների մասին: Հարցման մասնակիցների 55 տոկոսը ամուսնալուծված չեն եղել երբեք կամ չեն կորցրել իրենց զույգին: Իսկ ովքեր եղել են եւ ամուսնության ընթացքում նման կորուստ են ունեցել, պարզվել է, որ նրանց 22 տոկոսը տարբեր անբուժելի հիվանդություններով է տառապում, իսկ 27 տոկոսի մոտ տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ կան:

Այս ուսումնասիրության հեղինակների կարծիքով` մարդկանց այսպիսի դեպքերում օգնում է կրկնակի ամուսնությունը, նոր զույգ ունենալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG