Մատչելիության հղումներ

Նորայր Ղալումյանը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները


Նորայր Ղալումյան

Նորայր Ղալումյան

Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հերքեց Միացյալ Նահանգներում իրեն առաջադրված մեղադրանքները:

«Ես անմեղ եմ, եւ եթե մեղավոր լինեի, իհարկե, հիմա դրսում չէի լինի, բանտում կլինեի: Անմեղ եմ, ուղղակի այնտեղ որոշ բաներ պետք է պարզվի, ճշտություններ մտցվի, որովհետեւ դատապաշտպան կա, ինքը կզբաղվի այդ հարցերով», - ասաց նախկին հյուպատոսը:

Նա հերքեց հաղորդագրությունները, թե կեղծ նամակներ է տրամադրել ամերիկյան իշխանություններին, որոնցով, փաստորեն, խոչընդոտվել է հանցագործությունների համար մեղադրվող անձանց վտարումը Հայաստան. - «Ինչպես կարող եմ ես կեղծ փաստաթղթեր ձեւակերպել: Եթե կեղծ փաստաթղթեր լինի, պետք է ցույց տրվի դրանք»:

«Հնարավո՞ր է, որ որոշ թղթեր ձեր միջոցով Հայաստանի իշխանությունները փոխանցել են, եւ դուք հանձնել եք պարզապես», - այս հարցին Նորայր Ղալումյանը արձագանքեց. - «Ես պաշտոնական ներկայացուցիչ չեմ, որ ինձ որեւիցե փաստաթուղթ ուղարկվի, ես կապ չունեմ ընդհանրապես դրանց հետ»:

Իր առաջիկա քայլերի վերաբերյալ նախկին հյուպատոսը ասաց. - «Պետք է իմ անմեղությունը ապացուցեմ, ուրիշ մտադրություն չունեմ: Փաստաբանի միջոցով այդ գործին ընթացք է տրվում, հետո արդեն հետագայում բողոքարկելու համար տեսնենք»:

Նախկին հյուպատոսը եւ եւս 4 անձինք մեղադրվում են իմիգրանտներին կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ:

Ըստ ամերիկյան Ներգաղթային եւ մաքսային ծառայության պաշտոնյաների` Ղալումյանը եւ մյուսները մեղադրվում են վտարման ենթակա իմիգրանտներին նամակներ վաճառելու մեջ, որոնցում ասված էր, թե Հայաստանը ճամփորդական փաստաթղթեր չի տրամադրելու այդ անձանց: Այդ նամակները խոչընդոտել են, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը իմիգրանտներին ետ ուղարկի Հայաստան:

Ներգաղթային եւ մաքսային ծառայության խոսնակ Վիրջինիա Քայսի խոսքերով` վաճառվել է նման շուրջ երկու տասնյակ նամակ, յուրաքանչյուրը` 35 հազար դոլարով: Ամերիկյան պատկան մարմինների վկայությամբ` կեղծ փաստաթղթեր ստացած քաղաքացիների մի մասը մեղադրվում են քրեական հանցագործությունների համար:

Ղալումյանը եւ մյուսները մեղադրվում են Ներգաղթային եւ մաքսային ծառայության գործավարությունը խոչընդոտելու մեջ, ինչի համար սահմանված ամենախիստ պատիժը 5 տարվա ազատազրկումն է:

Նորայր Ղալումյանը 52 տարեկան է, բնակվում է Բըրբանքում: Մեղադրանքներ են առաջադրված նաեւ Գլենդեյլի 54-ամյա բնակիչ, հյուպատոսության նախկին աշխատակից Հակոբ Հովհաննիսյանին, ներգաղթի հարցերով փաստաբան 41-ամյա Մարգարիտա Մկրտչյանին` նույնպես Գլենդեյլից, 36-ամյա Օգանես Նարդոսին` Վալենսիայից, եւ Գլենդեյլի 47-ամյա բնակիչ Էլվիս Մադաթյանին:

Ղալումյանը եւ մյուսները ձերբակալվել էին այս շաբաթվա սկզբին: Ավելի ուշ, սակայն, ըստ ստացված տեղեկությունների, Ղալումյանին եւ նրա հետ ձերբակալված անձանցից եւս երեքին` բոլորն էլ հյուպատոսության նախկին աշխատակիցներ, գրավով ազատ են արձակել: Ձերբակալվածներից մեկին, ով հյուպատոսության աշխատակից երբեւէ չի հանդիսացել, ազատ չեն արձակել նույնիսկ գրավով:

Այս խնդրով հայտարարությամբ է հանդես եկել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը: «Հյուպատոսությունն ի գիտություն է ընդունել ԱՄՆ-ի դատախազության Կալիֆորնիայի կենտրոնական շրջանի գրասենյակի հայտարարությունը, որտեղ նշվում է անօրինական գործունեություն կատարելու մեղադրանքով Լոս Անջելեսում բնակվող հայազգի 5 անձանց ձերբակալման մասին: Մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի իրավապահ մարմինների հետ` շահագրգռված լինելով հարուցված քրեական գործի հանգամանքների շուտափույթ բացահայտման մեջ: Հյուպատոսությունը ակնկալում է առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ ամերիկյան կողմից գործում առկա փաստերի, մասնավորապես` մեղադրվող անձանց կողմից հյուպատոսության պաշտոնական փաստաթղթերի կեղծման վերաբերյալ», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG