Մատչելիության հղումներ

Հուլիսի 30-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը վերլուծում է. - «Թուրքիան կանգնած է դժվարին երկընտրանքի առջեւ, որն ունի հանգուցալուծման ընդամենը երկու տարբերակ: Առաջին. մինչեւ հոկտեմբեր ամիսը Թուրքիան շարունակում է համառել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը Ղարաբաղով պայմանավորելու իր ռազմավարության մեջ եւ կանգնում Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի առջեւ, որից հետո նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի արտասանումը միայն ժամանակի հարց է լինելու: Երկրորդ. Թուրքիան հստակորեն տարանջատում է հայ-թուրքական օրակարգը հայ-ադրբեջանականից եւ, չսպասելով մինչեւ հոկտեմբեր ամիսը, ձեռնարկում է հայ-թուրքական սահմանի բացման քայլը՝ հետաձգելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ կապված բազում բարդ խնդիրների քննարկումը եւ, իհարկե, անտեսելով «փոքր եղբոր» վայնասունը»:

«Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ասել է. - «Իշխանությունների պարտադրված ինֆորմացիոն բլոկադայի հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում բնակչությունն այսօր ուղղակի ապատեղեկացված է, եւ ես չեմ բացառում, որ ապատեղեկացված է նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը: Պետք է հստակություն մտնի, եւ հստակություն ինչ-որ պահից մտնելու է, եւ պարզ է դառնալու՝ կամ իշխանությունները ցանկանում են ստորագրել ինչ-որ անընդունելի փաստաթուղթ, կամ հրաժարվելու են դա անել: Երկու դեպքում էլ շատ կարեւոր հստակություն է մտնելու: Առաջին դեպքում, այսինքն՝ երբ պարզ դառնա, որ Սերժ Սարգսյանը անընդունելի փաստաթուղթ է ստորագրում, հնարավորություն կստեղծվի հասարակությանը դրա մասին տեղեկացնել եւ քաղաքական մի լուրջ պրոցես առաջնորդել արդեն տեղեկացված հասարակությամբ: Երկրորդ դեպքում պարզություն կմտնի արդեն միջազգային հանրության համար: Եթե Սերժ Սարգսյանը ի վերջո հրաժարվի մեծ պայմանագիրը ստորագրել, պարզ կդառնա, որ Սերժ Սարգսյանի բոլոր խոստումները կապված են եղել միայն սեփական իշխանությունը ամրապնդելու խնդրի հետ»:

lragir.am-ը գրում է. - «Հանրային խորհուրդ կոչվող «տեխնոծին» մարմնի անդամներից ոմանք այցելել են Լեռնային Ղարաբաղ եւ վերադառնալով Հայաստան, իրենց տպավորությունն են կիսել այդ այցելության մասին: Իսկ տպավորությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունն անվերապահ վստահում է Սերժ Սարգսյանին, իսկ Հայաստանի հասարակությունն էլ անթույլատրելիորեն անտեղյակ է Ղարաբաղի հասարակության կյանքից: Հարց է առաջանում, թե միթե դա պարզելու համար արժեր գնալ հասնել Լեռնային Ղարաբաղ: Միթե որեւէ մեկի համար գաղտնիք է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի հասարակություններն իրար հետ գրեթե ոչ մի կապ չունեն, բացի իհարկե հարազատ-բարեկամական կամ ընկեր-կլանային կապերից: Կամ միթե որեւէ մեկի համար գաղտնիք է, որ Ղարաբաղի իշխանությունն անվերապահ վստահում է Հայաստանի իշխանությունը: Բա էլ ինչ պիտի աներ Ղարաբաղի իշխանությունը, եթե ձեւավորվել է Հայաստանի իշխանության աջակցության շնորհիվ, եւ եթե այդ աջակցությունը եւ միջամտությունը չլիներ, ապա հիմա Ղարաբաղը երեւի ունենար այնպիսի իշխանություն, որը հնարավորություն կունենար չվստահել Հայաստանի իշխանությանը եւ Ղարաբաղի հարցում ապավինել միմիայն սեփական պատկերացումներին եւ սեփական հասարակությանը»:

Թեման շարունակում է «Ազգ»-ը. - «Երեկ կայացած Հանրային խորհրդի 4-րդ նիստի ժամանակ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծիք հայտնեց, թե այն սկզբնական մտքերը, որ «փոխզիջումների, բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ կգանք մի լուծման, եւ Ղարաբաղը բնական ձեւով կինտեգրվի մեր կյանքին, ու մենք կկարողանանք գնալ առաջ, իմ կարծիքով՝ մենք արդեն այդ իլյուզիաներից մի քիչ հեռու ենք»: Վազգեն Մանուկյանը մոտ ժամանակներում Լեռնային Ղարաբաղի-ի խնդրի լուծումը չի տեսնում, որովհետեւ մի շատ վճռական հարց կա: Ըստ նրա` Ադրբեջանը ոչ մի ձեւով ո՛չ համաձայնում է, ո՛չ էլ մոտ ժամանակներում կհամաձայնի, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չէ. - «Այդ դեպքում, որեւէ փոխզիջման մասին խոսելն ուղղակի անիմաստ է, որովհետեւ այդ խնդիրը եթե կա, զիջումը ուղղակի մոտեցնում է մեզ պատերազմիՙ ոչ մի բան չտալով, ո՛չ տնտեսական, ո՛չ տրանսպորտային, ո՛չ մի բան»:

«Կապիտալ»-ը ներկայացնում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հարցազրույցը, որը նա տվել է news.am լրատվական կայքին: Լրագրողը հարցնում է. - «Ո՞ւմ պահանջով կամ ցանկությամբ էր, որ Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից: Ե՞րբ դա տեղի ունեցավ, և ե՞րբ է հնարավոր, որ Ղարաբաղը կրկին մասնակցի բանակցություններին»: Ամերիկացի դիվանագետը պատասխանում է. - «1998թ. Հայաստանի նախկին ղեկավարությունը նախընտրեց բանակցել Ղարաբաղի անունից՝ Ղարաբաղի իշխանությունների փոխարեն: Ղարաբաղի իշխանությունները կվերադառնան Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին ուղիղ մասնակցության այն ժամանակ, երբ Բաքուն ու Երևանն այդ կարևոր հարցում հասնեն համաձայնության: Մենք՝ համանախագահներս, ակնկալում ենք, որ այդ իրադարձությունը կլինի այն պահին, երբ Հիմնարար սկզբունքները վերջնականապես համաձայնեցված լինեն: Ինչպես արդեն ասվել է, Ղարաբաղի իշխանությունների տեսակետն արդեն Մինսկի գործընթացի կարևոր տարր է: Համանախագահները պարբերաբար հարցնում են Ստեփանակերտի դիրքորոշումը և դա ի գիտություն են ընդունում պաշտոնական բանակցություններում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG