Մատչելիության հղումներ

logo-print

Արամ Շահին-Բակոյանը` Իրաքի Քրդստանի խորհրդարանի պատգամավոր


Իրաքի` նավթի պաշարներով հարուստ հյուսիսում, Քրդստանի խորհրդարանում մեկ հայ պատգամավոր է ընտրվել. 111-տեղանոց խորհրդարանում մանդատներ էին հատկացված նաեւ ազգային փոքրամասնություններին, այդ թվում մեկ մանդատ` հայերին:

Քվեարկությունը անցկացվել է շաբաթ օրը: Երեք հայազգի թեկնածու էր առաջադրվել, նախնական արդյունքների հրապարակումը ձգձգվել էր, եւ չորեքշաբթի օրը Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ընտրվել է Արամ Շահին-Բակոյանը: «Նա Բարզանիի Քրդստանի դեմոկրատական կուսակցությունից է», - հայտնեց Պարույր Հակոբյանը` հավելելով. - «Բոլոր հայ թեկնածուներն էլ այդ կուսակցությունից էին, բոլորը քրդախոս հայեր են: Արամ Շահինը Արծրուկ բնակավայրից է, ժամանակին մասնակցել է Բարզանիի ջոկատների պարտիզանական կռիվներին»:

Պարույր Հակոբյանը նաեւ հայտնեց, որ Իրաքի Քրդստանում հիմա մոտավորապես 2 հազար հայ է բնակվում:

Անցած շաբաթ օրը անցկացվել են նաեւ Իրաքի Քրդստանի նախագահի ընտրություններ. Մասուդ Բարզանին վերընտրվել է ձայների 70 տոկոսով:

Նրա կուսակցության` Քրդստանի դեմոկրատական կուսակցության եւ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի կուսակցության` «Քրդստանի պատրիոտների միության» դաշինքը խորհրդարանական ընտրություններում հաղթել է: Իշխող կոալիցիան 60 տոկոս է հավաքել` ավելի քիչ, քան նախորդ` 2005 թվականի ընտրություններին. 2005-ին իշխող կոալիցիան խորհրդարանում 78 տեղ ուներ, հիմա` 55 տեղ:

Քրդստանի ընտրություններին առաջին անգամ մասնակցել է ընդդիմադիր մի կուսակցություն` «Գորան» («Փոփոխություն») կուսակցությունը:

Ընդդիմության առաջնորդ Նուշերվան Մուստափան իշխանություններին մեղադրել է կեղծիքներ կատարելու մեջ: Նա դատապարտել է հետընտրական բռնությունները, որոնց արդյունքում մեկ մարդ սպանվել է, 12-ը` վիրավորվել:

«Բազմաթիվ կեղծիքներ են կատարվել` արդյունքները փոխելու ու ժողովրդի կամքին դեմ գնալու համար», - ասել է ընդդիմության առաջնորդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Իրաքում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի դեսպաններին ուղղված հայտարարությունում:

Այնուամենայնիվ, առաջին անգամ ընտրություններին մասնակցող կուսակցությունը որոշակի հաջողություն է ունեցել` ընդդիմադիրները խորհրդարանում կունենան 28 մանդատ:

Ոչ պաշտոնական արդյունքներով` ընտրություններին մասնակցած իսլամամետ մի կուսակցություն խորհրդարանում կունենա 17 տեղ:

Պաշտոնական արդյունքները հրապարակվելու են քվեները Բաղդադում հաշվելուց հետո:

Քրդստանում երկուեւկես միլիոն ընտրող կա, որոնց 80 տոկոսը մասնակցել է քվեարկությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG