Մատչելիության հղումներ

ՀԲ-ն Հայաստանի համար 30 միլիոն դոլարի ծրագիր է հաստատել


Համաշխարհային բանկի շենքը Վաշինգտոնում
Համաշխարհային բանկի շենքը Վաշինգտոնում

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը երեքշաբթի օրը հաստատել է Հայաստանի ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիրը (ՈՀՎՀԾ)` 30 միլիոն դոլար արժողությամբ:

Ծրագիրը կֆինանսավորվի Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) տրամադրած վարկի շնորհիվ: Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն` «բանկն այս հրատապ գործառնությունը պատրաստել է` Կառավարության կողմից իրականացվող տնտեսության խթանման ծրագրին աջակցելու եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով»:

Ծրագիրը երկու նպատակ ունի` բարելավել Արմավիրի եւ Թալինի ոռոգման համակարգերի ջրօգտագործման արդյունավետությունը եւ խթանել գյուղական վայրերում աշխատատեղերի շտապ ստեղծումը: Դրանք պետք է իրականացվեն ջրի կորուստները նվազեցնող ոռոգման ջրանցքների վերականգնման քաղաքացիական աշխատանքների եւ ոռոգման ենթակառուցվածքը կառավարող հաստատությունների հզորացման միջոցով:

«Աշխատատեղերի ստեղծումը եւ եկամուտների խթանումը հատկապես գյուղական վայրերում, որտեղ ապրում է աղքատ բնակչության մեծ մասը, հույժ կարեւոր է առկա ճգնաժամային միջավայրում», - ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը: - «Այս ծրագիրը կարեւորվում է նրանով, որ այն նաեւ նպաստելու է գյուղատնտեսության երկարաժակետ զարգացմանն ու արտադրողականության բարելավմանը»:

Ծրագրով ֆինանսական միջոցներ կտրամադրվեն Արմավիրում եւ Թալինում մոտավորապես 84 կիլոմետր երկարությամբ հիմնական ջրանցքների վերանորոգման համար, ինչը ջրի կորուստները կնվազեցնի մինչեւ 70 հազար խորանարդ մետրով եւ կօգնի վերականգնել մոտ 7 հազար 300 հեկտար զբաղեցնող հողատարածքների ոռոգումը: Ծրագրի ավարտվին, վերականգնման աշխատանքների ուղղակի շահառուները կլինեն 73 համայնքների մոտ 39 հազար ջրօգտագործողներ: Ծրագիրը կնպաստի մոտ 9 հազար մարդ/ամիս աշխատատեղերի ստեղծմանը:

ՎԶՄԲ-ի ճկուն վարկի մարման ժամկետը կազմում է 27 տարի` 5 տարի արտոնյալ ժամկետով: 1992 թվականին Համաշխարհային բանկին եւ 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց հետո Հայաստանի նկատմամբ հանձնառությունները կազմում են մոտավորապես 1 միլիարդ 277 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG