Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է սերբ գործընկերոջ հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Սերբիայի արտգործնախարար Վուկ Յերեմիչի հետ, ով Երեւանում է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում:

Հայաստանի եւ Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում գործակցության, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Վուկ Յերեմիչի խոսքերով` Սերբիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում, եւ դա վկայում է, որ Սերբիան շահագրգիռ է է’լ ավելի ամրապնդելու եւ խորացնելու Հայաստանի հետ համակողմանի համագործակցությունը:

Նախարարները անդրադարձել են նաեւ Կովկասում եւ Բալկաններում վերջին զարգացումներին, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Վուկ Յերեմիչը Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է այցելել Բելգրադ` Հայաստանի եւ Սերբիայի նախագահների հանձնարարությամբ շարունակելու երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական երկխոսությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG