Մատչելիության հղումներ

Փաստաբանները հակադարձում են գլխավոր դատախազին


Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյան
Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյան

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը եւ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հակադարձեցին Հայաստանի գլխավոր դատախազի՝ երկուշաբթի օրը փաստաբանների հասցեին հնչեցրած հայտարարություններին:

«Մարտիմեկյան գործերով է, որ փաստաբանները սկսեցին լքել դատարանի դահլիճը», - ասաց Ռուբեն Սահակյանը՝ բացատրելով. - «Ես ականատես եմ եղել ցինիկ, վայրագ. խուժան վերաբերմունքի դատավորի կողմից: Օրենքի լկտի ոտնահարումների փաստերի եմ հանդիպել թե' դատախազների, թե' դատավորների կողմից: Եթե մենք տեսնում ենք, որ փաստաբանը գործում է ճարահատյալ, այսինքն՝ տեսնում է, որ իր օրինական գործողությունները մերժվում են ապրիորի, եւ տեսնում է, որ դատարանը լկտի եւ ապօրինի գործողություններ է կատարում, եւ փաստաբանը լքում է դատարանի դաճլիճը, ես չեմ մեղադրում այդ փաստաբանին»:

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երկուշաբթի օրը հայտարարել էր. - «Իմ ակնկալիքների ինտեսիվության,
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան
տեմպերով չի, որ կայացել են [փաստաբանները]: Եվ եթե փաստաբանը ուղղակի ցուցադրական մեթոդներով, վարքագծով դատարանում... փորձելով զորբայությամբ պաշտպանել իր ամբաստանյալին: Պաշտպանությունը երբեմն ուղղված է ոչ թե իրոք ամբաստանյալին պաշտպանելու, այլ ուղղակի իր իմիջը ձեւավորելու համար... Ես կուզեի, որ իրականում Հայաստանում որակյալ փաստաբաններ ունենայինք, ունենայինք արժանի հակառակորդներ»:

«Միշտ երազել եմ, որ հանդիպեմ գրագետ քննիչի, դատախազի, դատավորի», - այս կապակցությամբ ասաց Սահակյանը: - «Արժանի հակառակորդ են անվանում՝ թող լինի արժանի դատավարության մասնակից»:

Ռուբեն Սահակյանը հակադարձեց նաեւ Աղվան Հովսեփյանի հայտարարությունը, թե «մի շարք փաստաբաններ քաղաքական գործիչներ են ավելի շատ, քան պաշտպաններ»՝ ասելով. - «Ձեր մեղքերը ինչո՞ւ եք բարդում փաստաբանների վրա: Ոտից գլուխ կեղտի մեջ թաղված եք: Ոտից գլուխ խախտումների մեջ թաղված եք: Մի քանի հարյուր խախտում կարող եմ ցույց տալ: Կոչ եմ անում՝ պարոն գլխավոր դատախազ, ոի միասին վերլուծենք այդ խախտումները՝ մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ... Եթե չեք գա, ապա բարի եղեք մեր մասին մի խոսացեք: Մի ասեք՝ կայացել է թե ոչ փաստաբանական ծառայությունը: Սկզբից կայացրեք դատախազությունը»:

2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորվածների դատավարությունների ժամանակ վկաներից ոմանք հրաժարվեցին իրենց նախաքննական ցուցմունքներից. նման դեպքեր արձանագրվեցին պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի եւ այլոց դատավարություններին:

Հայաստանի գլխավոր դատախազի ունեցած տվյալներով, սակայն, դատարաններում իրենց ցուցմունքներից հրաժարվում է վկաների 1 տոկոսը: «Հարյուրավոր վկաներ ենք հարցաքննում դատարանում` մեղադրողները, եւ այդ հարյուրավոր վկաներից ընդամենը մի չնչին տոկոսը, որը նույնիսկ 1 տոկոսը չի կազմում, ընդհանուր քննված գործերի նույնիսկ 1 տոկոսը չի կազմում այն անձանց թիվը, որ այս կամ այն չափով փորձում են հրաժարվել իրենց` նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից», - երկուշաբթի օրը ասել էր գլխավոր դատախազը` հավելելով. - «Եվ չեմ կարծում, թե սա այնպիսի մի որակ է, որը այսօրվա հարցադրման անհրաժեշտություն է առաջացնում»:

Փաստաբան, նախկին «7-ի գործով» մեղադրվողներից մեկի` Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պնդեց, որ միայն վերջին շրջանում դատարաններում իրենց նախաքննական ցուցմունքներից հրաժարվում էր վկաների 99 տոկոսը, 1 տոկոսը չէր հրաժարվում:

«Հիմնականում, եթե դատական նիստերին հետեւել եք, ապա ակնհայտ է, որ 5-ից 4-ը իրենց նախաքննական ցուցմունքները չեն պնդել, եւ չեն պնդել ոչ թե այն պատճառով, որ իրենց վրա պաշտպանական կողմը կամ հարազատները փորձել են ինչ-որ ձեւի ազդեցություն ունենալ, այլ օբյեկտիվորեն», - ասաց փաստաբանը:

Գլխավոր դատախազը մեղադրողներին ուղղած խոսքում նաեւ նշել էր. - «Բոլոր այն դեպքերով, դուք ինքներդ համոզվել եք, որ երբ վկաները այս կամ այն չափով խուսափում կամ շեղվում են իրենց` նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից, մեզ արդեն դրդապատճառները հայտնի են: Եվ ոնց որ դուք եք աշխատում` որպես մեղադրող, որպեսզի պաշտպանեք ձեր մեղադրանքը դատարանում, նույն չափով, ձեզանից ավելի շատ հնարավորություններով, աշխատում են ե’ւ ամբաստանյալի պաշտպանները, ե’ւ հարազատները, ե’ւ ընկերները»:

Հակադարձելով Աղվան Հովսեփյանին, Լիպարիտ Սիմոնյանը հանրությանը հայտնի մի օրինակ հիշատակեց վկաների` նախաքննական ցուցմունքներից հրաժարվելու վերաբերյալ. - «Միայն նշեմ այն հանգամանքը, որ, եթե հիշում եք, Ալեքսանդր Արզումանյանի գործով վկա էր եկել` Սամվել Գասպարյան, որը դատարանում ցուցմունք տվեց, որ ամսի 1-ին [2008 թվականի մարտի 1-ին] Մյասնիկյանի արձանի մոտ անձամբ տեսել է [Հայաստանի առաջին նախագահ] Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ լսել նրա ելույթը: Ահա այդպիսի վկաներն են, որ հիմնականում չեն հրաժարվել իրենց նախաքննական ցուցմունքներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG