Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատի նախագահը հակադարձում է Գլխավոր դատախազին


Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյան

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյան

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը հակադարձեց Հայաստանի գլխավոր դատախազի՝ երեկ փաստաբանների հասցեին հնչեցրած հայտարարություններին:

«Մարտիմեկյան գործերով է, որ փաստաբանները սկսեցին լքել դատարանի դահլիճը», - ասաց Ռուբեն Սահակյանը՝ բացատրելով. - «Ես ականատես եմ եղել ցինիկ, վայրագ. խուժան վերաբերմունքի դատավորի կողմից: Օրենքի լկտի ոտնահարումների փաստերի եմ հանդիպել թե' դատախազների, թե' դատավորների կողմից: Եթե մենք տեսնում ենք, որ փաստաբանը գործում է ճարահատյալ, այսինքն՝ տեսնում է, որ իր օրինական գործողությունները մերժվում են ապրիորի, եւ տեսնում է, որ դատարանը լկտի եւ ապօրինի գործողություններ է կատարում, եւ փաստաբանը լքում է դատարանի դաճլիճը, ես չեմ մեղադրում այդ փաստաբանին»:

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ հայտարարել էր. - «Իմ ակնկալիքների ինտեսիվության, տեմպերով չի, որ կայացել են [փաստաբանները]: Եվ եթե փաստաբանը ուղղակի ցուցադրական մեթոդներով, վարքագծով դատարանում... փորձելով զորբայությամբ պաշտպանել իր ամբաստանյալին: Պաշտպանությունը երբեմն ուղղված է ոչ թե իրոք ամբաստանյալին պաշտպանելու, այլ ուղղակի իր իմիջը ձեւավորելու համար... Ես կուզեի, որ իրականում Հայաստանում որակյալ փաստաբաններ ունենայինք, ունենայինք արժանի հակառակորդներ»:

«Միշտ երազել եմ, որ հանդիպեմ գրագետ քննիչի, դատախազի, դատավորի», - այս կապակցությամբ ասաց Սահակյանը: - «Արժանի հակառակորդ են անվանում՝ թող լինի արժանի դատավարության մասնակից»:

Ռուբեն Սահակյանը հակադարձեց նաեւ Աղվան Հովսեփյանի հայտարարությունը, թե «մի շարք փաստաբաններ քաղաքական գործիչներ են ավելի շատ, քան պաշտպաններ»՝ ասելով. - «Ձեր մեղքերը ինչո՞ւ եք բարդում փաստաբանների վրա: Ոտից գլուխ կեղտի մեջ թաղված եք: Ոտից գլուխ խախտումների մեջ թաղված եք: Մի քանի հարյուր խախտում կարող եմ ցույց տալ: Կոչ եմ անում՝ պարոն գլխավոր դատախազ, ոի միասին վերլուծենք այդ խախտումները՝ մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ... Եթե չեք գա, ապա բարի եղեք մեր մասին մի խոսացեք: Մի ասեք՝ կայացել է թե ոչ փաստաբանական ծառայությունը: Սկզբից կայացրեք դատախազությունը»:
XS
SM
MD
LG