Մատչելիության հղումներ

Իրանի հոգեւոր առաջնորդին մտահոգում է կալանավորված ցուցարարների ճակատագիրը


Այաթոլա Ալի Խամենեի

Այաթոլա Ալի Խամենեի

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պահանջել է փակել այն բանտը, որտեղ պահվում էին անցած ամսվա վիճահարույց նախագահական ընտրություններից հետո կալանավորված ընդդիմադիրները` պնդելով, թե այնտեղ բավարար պայմաններ չկան ազատազրկվածերի համար:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, հոգեւոր առաջնորդը նաեւ խստորեն հրահանգել է երաշխավորել, որ ցուցարարների նկատմամբ որեւէ անարդար գործողություն չի իրականացվելու:

Հունիսին տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալվել էր ավելի քան 2 հազար մարդ, որոնցից 300-ը, պաշտոնական տվյալներով, շարունակում են մնալ անազատության մեջ:

«Նրանցից երկուսին իրավապահները մահացած կամ կիսամեռ վիճակում են վերադարձրել հարազատներին», - գրում են տեղի անկախ եւ ընդդիմադիր թերթերը` պնդելով, թե ոստիկանները բանտում ցուցարարներին դաժան ծեծի են ենթարկում:

Պաշտոնական աղբյուրները, սակայն, հերքում են այս մեղադրանքները եւ վստահեցնում, թե զոհված ընդդիմադիրները տառապել են մենենգիտով: Զոհվածներից մեկը` 25-ամյա Մոհսեն Ռուհոլամինին, Իրանում բավական հայտնի ընդդիմադիր գործիչ Աբդուլ-Հոսեյն Ռուհոլամինիի որդին էր. վերջինս աջակցում էր ընդդիմության թեկնածու Մոհսեն Ռեզայիին եւ նրա թիվ մեկ խորհրդատուն էր հունիսին տեղի ունեցած նախագահական ընտրություններում:

«Ոստիկանների վարկածը, թե երիտասարդ ցուցարարը մենենգիտով է տառապել, հավատ չի ներշնչում», - փաստում են ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները եւ հավելում. - «Մենենգիտի հետեւանքով մարդու ատամները չեն փշրվում ու ոսկորները կոտրված չեն լինում»:

Բանտերում տիրող իրավիճակը պարզելու նպատակով, ըստ իրանական աղբյուրների, խորհրդարանում հատուկ հանձնաժողով է ստեղծվել, իսկ արդարադատության նախարարը հայտարարել է, թե իշխանությունները պատրաստ են ազատ արձակել բոլոր այն ձերբակալվածներին, ովքեր անկարգությունների օրերին ծանր հանցագործություններ չեն գործել:

Երկուշաբթի օրը ազատազրկվածերի նկատմամբ արդար ու ներողամիտ վերաբերմունքի կոչով է հանդես եկել նաեւ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: «Բոլոր ցուցարարներին, հատկապես ուսանողներին ու գիտնականներին պետք է մահմեդական գթասրտությամբ վերաբերվել», - հայտարարել է Լարիջանին ու հորդորել ազատ արձակել բոլոր նրանց, ում կարելի է ներել` իրավիճակի հետագա թեժացումից խուսափելու համար:

Արդարադատության նախարարությունը խոստանում է կալանավորված ցուցարարների հետագա ճակատագիրը որոշել այս շաբաթվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG