Մատչելիության հղումներ

Ջհանգիրյանը բացառում է, որ իշխանությունը պատասխանատվության կանչի որեւէ ոստիկանի


Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, անցած ամիս հայտարարված համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիր գործիչ, Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը բացառում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները կարող են պատասխանատվության ենթարկել որեւէ ոստիկանի՝ քաղաքացիներին «ծեծելու կամ խոշտանգելու համար»:

«Որեւէ ոստիկանի, որեւէ քաղաքացու ծեծելու կամ այդ քաղաքացուն խոշտանգելու համար բացառում եմ, որ այս իշխանությունները քրեական պատասխանատվության կանչեն, որովհետեւ իրենց հրամանով են այդ ոստիկանները այդ գործողությունները կատարել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարզացրույցում երկուշաբթի օրը ասաց Ջհանգիրյանը՝ շեշտելով. - «Բացառապես իրենց հրամանով: Ոչ մի ոստիկան՝ շարքային, թեկուզ միջին հրամանատարական կազմից, իր նախաձեռնությամբ նման գործողություններ չէր անի ու չի արել: Բոլորը արվել է վերեւից իջեցված ուղղակի հրահանգով»:

Պատասխանելով հարցին, թե ինչու է Հատուկ քննչական ծառայությունը գրեթե մեկ տարի ուշացումով քրեական գործ հարուցում բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ՝ այն դեպքում, երբ համապատասխան տեսանյութերը նրանց տրամադրության տակ են եղել դեռ անցած տարվա ամռանը, Ջհանգիրյանը ասաց. - «Թե' հասարակական ճնշման եւ թե' միջազգային կառույցների ճնշման ներքո նրանք ստիպված ուզում են մեկ-երկու այդպիսի հարուցած գործ ունենալ, որպեսզի ասեն՝ տեսեք, մենք նաեւ ոստիկանության գործողություններին գնահատական ենք տալիս»:

Հայ ազգային կոնգրեսը դեռ անցյալ տարի ամռանն էր առաջին անգամ հրապարակել տեսանյութը, որտեղ արձանագրված էին վահաններով եւ մահակներով զինված ու Հանրապետության հրապարակում քաղաքացիներին հետապնդող, ինչպես նաեւ երկու քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրող ոստիկանները: Տեսանյութով արձանագրված է նաեւ 2007 թվականի հոկտեմբերի 23-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքը իրազեկող խմբի եւ թեման լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանների կողմից բռնության գործադրման փաստը: Բոլոր նշված նյութերը գտնվում են Մարտի 1-2- իրադարձություններն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի, ինչպես նաեւ Հատուկ քննչական ծառայության տրամադրության տակ: Քրեական գործը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, հարուցվել է միայն մեկուկես տարի հետո:

Մեկնաբանելով Հատուկ քննչական ծառայության գործողությունները՝ Ջհանգիրյանը ասաց. - «Ես կարծում եմ, որ ոստիկանության ապօրինությունները հոկտեմբերի 23-ի օրինական, թույլատրված հանրահավաքի իրազեկման ժամանակ, մարտի 1-ի առավոտյան, մարտի 1-ի կեսօրին, այնուհետեւ գիշերը եւ այլն, այնքան ակնհայտ էին, որ եթե մեր Հատուկ քննչական ծառայությունը ցանկություն եւ կամք ունենար, պետք է այդ ե'ւ բռնություններ գործադրած ոստիկաններին, ե'ւ այդ ոստիկաններին հրաման արձակող վերադաս ոստիկաններին վաղուց քրեական պատասխանատվության ենթարկած լիներ»:

«Հիմա տարիուկես հետո ընդամենը երկու փաստի առնչությամբ գործ են հարուցել՝ իշխանազանցության հոդվածով», - շարունակեց նա: - «Նաեւ կոչ են անում քաղաքացիներին, թե ովքեր տեսել են, ովքեր որեւէ տեղեկություն ունեն, թող հաղորդեն Հատուկ քննչական ծառայությանը: Ըստ էության, Հատուկ քննչական ծառայությունը որեւէ վստահություն չունի որեւէ քաղաքացու մոտ, որ այդ քաղաքացին՝ ականատես լինի թե տուժող, դիմի Հատուկ քննչական ծառայություն: Մարտի 1-ի գործերով մենք ունենք տասնյակ եւ հարյուրավոր դեպքեր, երբ վկաների նկատմամբ նույնիսկ խոշտանգումներ են կիրառվել: Հիմա ո՞վ է կամավոր գնալու, կամ ո՞վ է զանգահարելու կամավոր Հատուկ քննչական ծառայությանը եւ տեղեկություններ հայտնելու... Բացարձակապես ոչ ոք»:

Հատուկ քննչական ծառայությունից, ի դեպ, «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացավ, որ իրենց՝ անցած ուրբաթ հնչեցրած կոչին դեռեւս որեւէ քաղաքացի չի արձագանքել:

Ջհանգիրյանի համոզմամբ, Հատուկ քննչական ծառայությունը պետք էլ չէ, որ քաղաքացիները արձագանքեն. - «Ձեւ են անում, որ իբրեւ դիմել ենք: Ոչ մի ապացույցի խնդիր չկա... Եթե իրենք ցանկություն ունենան, ծեծող ոստիկանի վերաբերյալ ցուցմունք տվող տասնյակ ոստիկաններ կգտնեն մեկ ժամվա ընթացքում... Ապացույց փնտրելու, գտնելու խնդիր չկա. տեսանյութը բավական է; Իրեղեն ապացույց է այդ տեսանյութը, որը հաստատում է եւ ամբողջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են դա տեսել եւ ոչ միայն ՀՔԾ-ի մեր քննիչները»:
XS
SM
MD
LG