Մատչելիության հղումներ

logo-print

Հուլիսի 25-ի մամուլ


Lragir.am-ը գրում է. - «Արդեն մի քանի օր է Հայաստանի ԶԼՄ-ները չափազանցնում են շշուկները Ղարաբաղում պատերազմի վերսկսման մասին: Սկզբում շշուկներ տարածվեցին Քելբաջարում ինչ-որ բարդությունների մասին, հետո հայտնվեցին «իմացող մարդկանց» կարծիքները, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Եվ որպեսզի խոսակցությունները լուրջ թվան, դրանց միացան տարբեր գործիչները: Ասենք, Սամվել Բաբայանը սպառնաց Ադրբեջանին, որ չարժե պատերազմել: Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը սպառնաց, թե անհրաժեշտության դեպքում ինքը կսկսի պատերազմը: Նույնիսկ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ֆասիեն զգուշացրեց վտանգի մասին, եթե տեղի չունենա վերջնական կարգավորումը: Հատկանշական էր այն, որ շշուկների բնույթը շատ հարմար էր Հայաստանի իշխանության համար: Շատ հաջող էր թվում՝ պարզվում էր, Սերժը փրկիչն է՝ ձեռք մի տվեք նրան, թե չէ Ղարաբաղի ու Հայաստանի վերջը կգա: Հետն էլ ներշնչում էին՝ պետք է ստորագրել Մինսկի խմբի փաստաթուղթը, թե չէ վատ կլինի: Այդ իմաստով, Ադրբեջանի իշխանության շահը համընկնում է Հայաստանի իշխանության շահին: Ալիեւի բառային բլեֆը ժամանակին էր ինչպես երբեք: Եթե այդ բլեֆը միայն խոսքով լիներ, վտանգը փոքր կլիներ: Սակայն յուրաքանչյուր ոք գիտե, որ նման բլեֆը մեր վայ չինովնիկները պատրաստ են ամրապնդել սադրանքներով: Ոչ ոք չի մոռացել մարտի 3-4-ին տեղի ունեցած Մարտակերտի միջադեպի շուրջ հիստերիան: Մինչ այժմ պարզ չէ, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ «ի օգնություն» Հայաստանի իշխանության: Հիշվում է միայն, թե ինչ անթաքույց հաճույքով էին հասարակությանը ներշնչում, թե մենք կանգնած ենք պատերազմի շեմին: Ժամանակն էր այդպիսին՝ պետք էր զսպել դժգոհ մարդկանց»:

«Հայք»-ը գրում է. - «Շատերի մոտ հարց է առաջանում, թե Սերժ Սարգսյանը միտումնավո՞ր է այսքան վատ արտաքին քաղաքականություն իրականացնում, թե պարզապես այդպես է ստացվում անկախ նրա կամքից: Ոմանք էլ փորձում են ապացուցել, որ արտաքին քաղաքականությունն ուղիղ համեմատական է ներքին իրավիճակի հետ: Կարեւոր է այն, որ թույլ չտանք, որ որոշ ուժեր փորձեն իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը գցել Սերժ Սարգսյանի վրա: Մենք պետք է հստակ ընդգծենք եւ ընդունենք, որ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի հետ հավասարապես կիսում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Բացի այդ, Էդվարդ Նալբանդյանը ոչնչով չի զիջում Վարդան Օսկանյանին: Անկասկած, Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն ավելի խորացրին անհեթեթ իրավիճակը: Նրանք եւս ամեն ինչ արեցին, որ Ղարաբաղը լիովին դուրս մնա բանակցային գործընթացից: Մեր ժողովրդի հավաքական գիտակցությունը չի հասկացել, որ եթե Քոչարյանն իրավունք ունենար պահպանել նախագահի պաշտոնը, ապա այսօր նա անելու էր այն, ինչ անում է Սերժ Սարգսյանը»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Երեկ ՀՀՇ պաշտոնաթերթը վերատպեց Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հայտնի հոդվածը։ Ո՞րն էր Տեր-Պետրոսյանի սույն ստեղծագործությունը վերատպելու նպատակը։ Տեր-Պետրոսյանը, նախ, փորձում է սաստել կոնգրեսական «մաքսիմալիստ» գործընկերներին»՝ Սեֆիլյանին, Շիրխանյանին, նույն Արզումանյանին, որ օրերս, չսպասելով կոնգրեսի հավաքական կարծիքին, շտապեց ոտքից գլուխ մերժել Մադրիդյան սկզբունքները եւ հայտարարեց, որ դրա կետերից եւ ոչ մեկը չի բխում հայկական կողմի շահերից։ Երկրորդ՝ վերջապես գաղտնազերծում է ՀԱԿ-ի դիրքորոշումը Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, որ սրանք խոստացել էին հրապարակել՝ կետ առ կետ «տնտղելուց» եւ վերլուծելուց հետո, եւ ի լուր աշխարհի ավետում, որ «անզիջում ձեւանալու» ժամանակներն անցել են։ Հհշականները, որ դեմքները զայրույթով կնճռոտում էին, երբ հիշեցնում էիր, թե 98-ին ինչպես էին ուզում, բայց չկարողացան հանձնել Ղարաբաղը, բացում են խաղաքարտերը եւ անկեղծորեն խոստովանում, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իրենց հայեցակարգը մնում է ուժի մեջ»։

«Հրապարակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Արդեն որքան ժամանակ է` մեր հասարակությունում դիսկուսիա է ծավալվել` կլինի՞ պատերազմ, թե՞ չի լինի: Գուցե ռազմատենչ հայտարարությունները, զորաշարժերը, սահմանի երկայնքով զորք կուտակելն ավելի շատ հոգեբանական գրոհի համար է արվում, եւ կողմերից յուրաքանչյուրը փորձում է դիմացինի կոմպրոմիսների դաշտը լայնացնել: Սակայն պետք չէ նաեւ հավատալ այն լավատեսներին, որոնք ասում են` միջազգային հանրությունը թույլ չի տա, որ Կովկասում ռազմական գործողություններ սկսվեն: Ես կարծում եմ, որ նախ` չի կարելի դրա վրա հույս դնել: Ապա` շատ հնարավոր է, որ կարգավորումը ձգձգելու մեր պահվածքը այդ նույն միջազգային հանրությանը դրդի որոշ ժամանակ չմիջամտել բախմանը: Որ մեր քիթը, այսպես ասած, քարի գա: Շատ չէ` մի քանի օրում պատերազմը նոր եւ անդառնալի կորուստներ կպատճառի կովկասցիներիս: Մյուս կողմից` ինչքան զոհ պետք է տանք, եւ ինչքան արյուն պետք է հեղվի, որ հասկանանք` ոչ մի թիզ հողը մարդու կյանքի գինը չունի»:

«Վերջին օրերին եղանակը շատ անակնկալներ է մատուցում, եւ թվում է, թե անձրեւների վերջը չկա», - նշում է «Ազգ»-ը` տեղեկացնելով, որ խնդրել է «Հայհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանին՝ պարզաբանել, թե ինչի՞ հետ են կապված նման քամիներն ու փոթորիկը եւ դեռ որքա՞ն ժամանակ դրանք կշարունակվեն: «Այս վերջին ժամանակներում ներզանգվածային բնույթի անձրեւները հաճախակի են դարձել Հայաստանում հատկապես այս տարի: Դրանք սկսվեցին հունիս ամսին եւ շարունակվելու են մինչեւ հուլիսի վերջը: Նման եղանակը բավական հազվադեպ երեւույթ է», - ասել է Զարուհի Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG