Մատչելիության հղումներ

Կալանավորված ընդդիմադիր երիտասարդի առողջական վիճակը «ծանր է»


Տիգրան Առաքելյանը դատարանի մուտքի մոտ: 8-ը հուլիսի, 2009

Տիգրան Առաքելյանը դատարանի մուտքի մոտ: 8-ը հուլիսի, 2009

Ընդդիմության հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելու համար կալանավորված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի անդամ Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը, ինչպես այսօր «Ազատություն» ռադոկայանին փոխանցեց նրա շահերի պաշտպան Վարդունի Էլբակյանը, ծանր է, եւ երիտասարդը լուրջ բուժման կարիք ունի:

«Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Լուրջ բուժման կարիք ունի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Էլբակյանը: - «Եվ գլխի հետ կապված, եւ տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Նա ասում է, որ մի աչքը արդեն գրեթե չի տեսնում: Տիգրան Առաքելյանը ասում է, որ այդ ամենը իր մոտ առաջ է եկել դեպքի օրը գլխին հարված ստանալու հետեւանքով»:

Առաքելյանը, ի դեպ, արդեն 10 օր է, ինչ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը՝ կալանքը, գրավով փոխարինելու միջնորդությունը, թեեւ անհրաժեշտ երաշխիքներ էին ներկայացրեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության բոլոր պատգամավորները:

Վարդուհի Էլբակյանը փոխանցեց գործը վարող քննիչի պատճառաբանությունը. - «Թե դեռեւս չեն վերացել հիմքերը Տիգրան Առաքելյանին անազատության մեջ պահելու համար՝ այն նկատառումով, որ նա կարող է խոչընդոտել քննությանը եւ ճնշում գործադրել գործով դեռեւս չպարզված եւ պարզված անձանց վրա: Այսինքն՝ հայրենի ոստիկանության աշխատակիցների վրա: Ենթադրյալ տուժողների վրա»:

Փաստաբանը նաեւ փոխանցեց, որ քննիչը դատարանում ներկայացրել է հուլիսի 9-ին կատարված բժշկական փորձագիտության արդյունքները, որոնք, սակայն, պաշտպանական կողմին դեռեւս պաշտոնապես չեն ներկայացվել:

«Քննիչի ներկայացնելուց ստացվեց, որ, ըստ պաշտոնական եզրակացության, նա իր մարմնական վնասվածքները ստացել է ոչ թե դեպքի օրը, այլ դեպքից հետո: Դա նույնպես լուրջ հարց է. եթե այդպես լինի, ապա դա շատ մեծ հարցերի տեղիք է տալու», - ասաց Վարդուհի Էլբակյանը:

«Վրդովված եմ, որ Տիգրան Առաքելյանի նկատմամբ կալանքը չի հանվել, քանի որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներս երաշխավորել ենք, որ նա ազատության մեջ հայտնվելով չի խանգարի քննությանը եւ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում կներկայանա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ շարունակելով. - «Հայաստանի Հանրապետությունում 45 կիլոգրամանոց երիտասարդը [այդքան է Առաքելյանի քաշը] կարող է մի քանի ոստիկանի մարմնական վնասվածքներ հասցնել, այն է՝ ծեծել... Չեմ ցանկանում բոլոր ոստիկաններին գնահատական տալ, բայց եթե մի քանի ոստիկան չեն կարողանում պաշտպանվել նույնիսկ 45 կիլոգրամանոց երիտասարդից, ապա հանցագործ աշխարհից մեզ ո՞վ է պաշտպանելու»:
XS
SM
MD
LG