Մատչելիության հղումներ

Կոնգրեսականները մտահոգված են հայ-թուրքական հարաբերություններով


Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայամետ պատգամավորները նամակ են հղել Բարաք Օբամայի վարչակազմին` հորդորելով տարանջատել հայ - թուրքական հաշտեցման գործընթացն ու ցեղասպանության ճանաչումը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ, կոնգրեսականները փաստաթղթում մտահոգություն են հայտնել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման վերաբերյալ` կարծիք հայտնելով, թե Անկարան նահանջում է Հայաստանի հետ հաշտեցման ճանապարհային քարտեզից, որի շուրջ համաձայնությունը երկու երկրները ձեռք էին բերել ապրիլ 24-ի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին:

«Տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ճանապարհային քարտեզին համաձայնեց Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը արգելափակելու համար` չունենալով այդ համաձայնությունը պահելու նպատակ», - գրում են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրանկ Փալոնը, Մարկ Քըրքը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման աջակիցներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը:

«Ըստ այդմ, հորդորում ենք Ձեր վարչակազմին տարանջատել հարաբերությունների բարելավման եւ ցեղասպանության ճանաչման հարցերը», - գրում են կոնգրեսականները նախագահին եւ ընդգծում. - «Մենք կշարունակենք աջակցությունը նախընտրական արշավի ժամանակ ձեր կողմից հայտարարված քաղաքականությանը` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ, եւ հույս ունենք, որ Ձեր վարչակազմի կողմից ձեռնարկվելիք նոր ջանքերն ու նպատակին ուղղված միջոցները կխթանեն հայ - թուրքական հաշտեցումը` առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG