Մատչելիության հղումներ

Արմեն Ռուստամյան. «Մենք ազգային հարցերը նեղ կուսակցական խնդիրներ լուծելու համար չենք օգտագործում»


Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի արած հայտարարությունը «պղտոր ջրում ձուկ որսալու» մասին իրենց չի վերաբերում:

Երկուշաբթի օրը Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, որն առնչվում էր իր հրաժարականի պահանջով Դաշնակցության հայտարարությանը, ասել էր. - «Վերջին շրջանում Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բարձրացված անիմաստ աղմուկն ու աժիոտաժը անհիմն է: Մի կողմից` դա կարելի է միգուցե բացատրել, շատ փափուկ ասած` որոշ միամտությամբ, իսկ մյուս կողմից` այն փորձերով, որոնք արվում են ջուրը պղտորելու եւ պղտոր ջրի մեջ ձուկ որսալու համար»:

Հակադարձելով նախարարի հայտարարությանը` Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Մենք նման նպատակ չունենք: Մենք երբեք այս հարցը չենք օգտագործել` նախկինում էլ եւ ո’չ հիմա, ո’չ էլ ապագայում ենք պատրաստվում որեւէ կերպ օգտագործել ազգային հարցերը ինչ-որ նեղ կուսակցական խնդիրներ լուծելու համար: Ընդհակառակը, մեր բոլոր հայտարարությունների տրամաբանությունն այն է, եւ մեր թիվ մեկ խնդիրը միասնական ճակատ ձեւավորելն է` անկախ նրանից, ով տվյալ պահին որ ճամբարում, որ դաշտում է գտնվում»:

«Բայց որ իրականությունը մտահոգիչ էր, եւ լուրջ ահազանգ կար, որ իսկապես անհրաժեշտություն կա այսօր այս փուլը հաղթահարել, այս փորձությունը հաղթահարել, եւ մենք մեր արտաքին քաղաքականության մեջ ունեցած սխալների հետեւանքով ենք հանգել այս օրվան` սա մեզ համար ակնհայտ էր», - ընդգծեց Ռուստամյանը` հավելելով. - «Կարծում ենք, արտգործնախարարության ճիշտ տեղն էլ հենց դա կլինի, որ իրենք իրենց մասնակցությունը բերեն ազգային ճակատի ձեւավորման հարցում»:

Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցչի համոզմամբ` «այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է բանակցային գործընթացում». - «Երբ գաղտնազերծվեց պաշտոնապես, այդպիսի բարձր մակարդակով, «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածը` դա արդեն նոր փուլ է բանակցային գործընթացի մեջ նշանակում: Որովհետեւ սրա մեջ արդեն տրամաբանորեն եւ շատ բնական կերպով պետք է ընդգրկվի հասարակությունը, բոլորն էլ իրենց տեսակետները պետք է կարողանան հստակ արտահայտել, եւ ամենակարեւորը` ասել, թե ինչն է անընդունելի այս ընթացքի մեջ»:

«Մենք հաճախ ասում ենք, թե ինչն է ընդունելի, այս դրականը կա, այն դրականը կա, բայց Ադրբեջանը երբեք չի ասում` գիտեք, դրական էս ունենք, նա ասում է, թե ինչ է ուզում, եւ «դրանից ոչ մի քայլ հետ չեմ նահանջելու, եւ եթե պետք եղավ` ես իմ նպատակին կհասնեմ նաեւ պատերազմի միջոցով»: Մենք դրան համարժեք պահվածք չունենք: Այ, արտգործնախարարությունը դրա մասին պետք է մտածի, պետք է մտածի նրա մասին, որ իսկապես իրենք չեն գործնականացնում այսօր ազգային անվտանգության ռազմավարությունից եւ ռազմական դոկտրինից բխող հիմնադրույթները: Դրանք շատ կարեւոր այսօր շեղում են արձանագրել, եւ այդ շեղումը վերացնելու խնդիրը մենք պետք է լուծենք», - ասաց Արմեն Ռուստամյանը` ամփոփելով. - «Մենք ինչ-որ թայմաութի մի հնարավորություն ստացանք այս փաստաթուղթը չստորագրելով, բայց այդ թայմաութը շատ քիչ է տեւելու` մինչեւ աշուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG