Մատչելիության հղումներ

logo-print

ՀՌԱԿ-ը մտահոգություն է արտահայտում Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ


Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ) երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որով հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները գնահատել է «վտանգավոր» եւ վերահաստատել դեռ ապրիլի 30-ի իր պնդումը, թե «ձախողումների թիվ մեկ պատասխանատուն» Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է:

«Ակնհայտ է, որ այսօր գնալով ավելանում են Հայաստանի հանդեպ արտաքին քաղաքական ճնշումները թե՛ հայ-թուրքական թե՛ ղարաբաղյան հարցի կարգավորման առնչությամբ, որն արտահայտվեց նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հուլիսի 10-ի հայտարարությամբ», - նշված է ՀՌԱԿ-ի հայտարարության մեջ, որում հայկական կողմի համար վիճակը գնահատվում է «վտանգավոր»:

Հայտարարությունում Ռամկավար ազատական կուսակցությունը վերստին արծարծում է դեռ 2008-ի հոկտեմբերի 27-ին արված ՀՌԱԿ Հանրապետական վարչության բարձրացրած հարցը. - «Հայաստանյան քաղաքական ընտրանին չի պատասխանել կարեւորագույն հարցերին, թե ո՞վ է ԼՂՀ եւ նրա օրինավոր բնակիչների անունից ճակատագրական որոշումներ ստորագրող լիազորված անձը կամ պետական ինստիտուտը, եւ ո՞ր օրենքով են հիմնավորված նմանատիպ լիազորությունները»: Կուսակցությունը նաեւ պնդում է, որ եթե «ժամանակին ու պատշաճ կերպով արժանի գնահատական տայինք Թուրքիայի ու Ադրբեջանի` մեր ժողովրդի հանդեպ իրականացրած ցեղասպանություններին ու հարցերը տեղափոխվեին միջազգային իրավական հարթություն», ապա այսօր ստիպված չէինք լինի «աղերսել» առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ, իսկ փոխարենը ստանալ «մերժողական» պատասխան:

Մանրամասնելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը, ՀՌԱԿ-ը նշում է. - «Դատելով գործընթացից` տպավորություն է ստեղծվում, որ սա ոչ թե երկու երկրների միջեւ փոխշահավետ հարաբերության սկիզբ է նախանշում, այլ նմանվում է գաղտնի գործարքի` թուրքական ու Հայաստանի իշխանությունների միջեւ, որը մեր կարծիքով, չի բխում Հայաստան պետության եւ աշխարհասփյուռ Հայ ժողովրդի շահերից»:

Հայաստանի վարած նախաձեռնողական քաղաքականությունը «որակելով որպես ձախողված», եւ հիշեցնելով, որ ՀՌԱԿ-ը դեռ ապրիլի 30-ին պահանջել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, հայտարարության հեղինակները պարզաբանում են. - «Քաջ գիտակցելով, որ երկրի արտաքին քաղաքականությունն իրականացնում է ՀՀ նախագահը, միեւնույն ժամանակ, մենք մեր հարվածի սլաքն ուղղել էինք արտգործնախարարին այն պարզ պատճառով, որ համարում ենք` իր ստանձնած պարտականությունները կատարում է ապաշնորհ ձեւով, եւ չտիրապետելով մեր երկրի իրավիճակին, ճիշտ չգնահատելով նրա տեղը տարածաշրջանոմ ու աշխարհում, սխալ եզրահանգումների է գալիս Հայաստանի ու աշխարհի հետ հարաբերությունների հարցում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG