Մատչելիության հղումներ

Թուրքիայում սկսվել է հեղաշրջման մեղադրանքով դատավարությունը


Թուրքիա -- Զինվորները պահպանում են դատարանի շենքը, որտեղ հեղաշրջման մեղադրանք է ներկայացվում 56 ամբաստանյանլի, Ստամբուլ, 20-ը հուլիսի, 2009 թ.
Թուրքիա -- Զինվորները պահպանում են դատարանի շենքը, որտեղ հեղաշրջման մեղադրանք է ներկայացվում 56 ամբաստանյանլի, Ստամբուլ, 20-ը հուլիսի, 2009 թ.

Այսօր Ստամբուլում դատարանի առաջ է կանգնել 56 ամբաստանյալ: Նրանք մեղադրվում են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության տապալմանն ուղղված դավադրության մեջ:

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, ամբաստանյալների թվում են պաշտոնաթող գեներալներ Հուրսիթ Թոլոնն ու Սեներ Էրույղուրը, ովքեր, ըստ մեղադրող կողմի, «Էրգենեկոն» ընդհատակյա խմբավորման առաջնորդներից են, ծրագրել են անկարգություններ եւ ահաբեկչական գործողություններ, որոնք պետք է հանգեցնեին քաոսային վիճակի եւ հիմք ստեղծեին ռազմական հեղաշրջման համար:

Երկու պաշտոնաթող գեներալները հերքում են մեղադրանքները: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանք կարող են դատապարտվել ցմահ ազատազրկման: Մնացյալ ամբաստանյալների թվում կան քաղաքական գործիչներ, գործարարներ եւ լրագրողներ:

«Էրգենեկոնի» գործով 86 այլ ամբաստանյալների դատն առանձին վարույթով սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին:

Մեղադրող կողմը պնդում է, որ «Էրգենեկոնի» անդամները երկրի աշխարհիկ բնույթը ծայրահեղական ապօրինի միջոցներով պաշտպանելու ջատագովներ են, ովքեր համոզված են, որ վարչապետ Էրդողանի առաջնորդած եւ մահմեդական արմատներ ունեցող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը գաղտնի մահմեդական նպատակներ է հետապնդում:

«Էրգենեկոնը» Կենտրոնական Ասիայում գտվող մի հովիտ էր, որտեղ, ըստ հին առասպելի, ձեւավորվել է թուրք ազգը:

Դատավարությունը կարող է ամիսներ տեւել, վերլուծաբանները ենթադրում են, որ դատարանն ի վերջո կմիավորի այդ երկու գործերն ու դատը կշարունակվի մեկ վարույթով:

«Էրգենեկոնին» են վերագրվում հարձակումներ լրագրողների եւ դատավորների վրա, ինչպես նաեւ վարչապետ Էրդողանին եւ գրող Օրհան Փամուկին սպանելու ծրագրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG