Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը Վրաստան եւ Ուկրաինա իր քառօրյա այցն է սկսում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Նրա առաջին կանգառը այցելության ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւն է:

Ինչպես տեղեկացնում են Բայդենի գրասենյակից, փոխնախագահի այցի նպատակը այդ երկու երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն է:

Միացյալ Նահանգների փոխնախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Թոնի Բլինկենը լրագրողներին նաեւ փոխանցել է, որ Բայդենը երկու երկրների մայրաքաղաքներում էլ հանդես կգա ելույթներով` այդ պետությունների հետ Ամերիկայի բարեկամության վերաբերյալ:

Կիեւում, այնուհետեւ նաեւ Թբիլիսիում Ջոզեֆ Բայդենը հանդիպումներ կունենա նաեւ ընդդիմադիրների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, Ուկրաինայում նա կհանդիպի նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչի, իսկ Վրաստանում` ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի եւ «Միասնական Վրաստան - ժողովրդավարական շարժում» կուսակցության նախագահ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ:

ԱՄՆ-ի փոխնախագահի խորհրդական Թոնի Բլինկենի խոսքերով` Բայդենը Թբիլիսիում նաեւ կկրկնի Միացյալ Նահանգների դիրքորոշումը այնտեղ ծայր առած անհանգստությունների վերաբերյալ, այն է` Վրաստանը պետք է կառուցի հնարավոր ամենաժողովրդավարական երկիրը: Բայդենը, խորհրդականի խոսքերով, չորեքշաբթի երեկոյան կլինի Թբիլիսիում, որտեղ նրան սպասում է հանդիպում նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ` պաշտոնական ճաշի սեղանի շուրջ:

Ջո Բայդենի այցը Վրաստան եւ Ուկրաինա կավարտվի հինգշաբթի օրը` Վրաստանի խորհրդարանում վրաց - ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ նրա ելույթից հետո:

Փորձագետները, սակայն, նշում են, որ փոխնախագահ Բայդենի այցի հիմնական նպատակն է այդ երկու երկրներին ցուցադրել ամերիկյան աջակցությունը` որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մոսկովյան վերջին պայմանավորվածությունները ամենեւին չեն նշանակում, թե պաշտոնական Մոսկվայի հետ հարաբերությունները Կիեւի եւ Թբիլիսիի հաշվին են կառուցվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG