Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղավիացիայի պաշտոնյաները մանրամասներ են ներկայացնում


Իրանական «Կասպյան ավիաուղիներ»-ի` Թեհրանից դեպի Երեւան չվերթ իրականացնող «Տու-154» օդանավում, ըստ նախնական տվյալների, եղել է 153 ուղեւոր, որից երկուսը երեխա, եւ անձնակազմի 15 անդամները: Անձնակազմի երկու անդամները Հայաստանի քաղաքացիներ են, որոնք պայմանագրով աշխատում են «Կասպյան ավիաուղիներ»-ի համար: Վթարի ենթարկված ինքնաթիռի 153 ուղեւորներից 35-ը հայկական ազգանվամբ եւ/կամ անվամբ են, 4-ը` Հայաստանի քաղաքացիներ:

Ինքնաթիռում են եղել նաեւ Վրաստանի երկու քաղաքացիներ, որոնցից մեկը` Գիվի Չկադուան Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակից է. դեսպանատնից հաստատեցին այդ փաստը: Վրաստանի մյուս քաղաքացին` Նաթելա Նիկոնովան Իրանում Վրաստանի դեսպանատան աշխատակից է:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը չորեքշաբթի օրը ժամը 16:30-ի սահմաններում նախնական տեղեկություններ հաղորդեց վթարի մասին: Ըստ նրա, ինքնաթիռը վայր է ընկել թռիչքից մոտ 16 րոպե հետո, Թեհրանից մոտ 180 կիլոմետր դեպի արեւմուտք գտնվող Ղազվին նահանգում: Ինքնաթիռը Թեհրանում անհայտ պատճառներով օդ է բարձրացել մոտ մեկ ժամ ուշացումով:

«Ինքնաթիռը մեր նավիգացիոն ծառայությունների հետ չի կապվել, կապի մեջ դուրս չի եկել, եւ 12:02 երբ թռել է, տվել է նախնական ինֆորմացիա, որ մեր` Հայաստանի Հանրապետության տարածք պետք է մտնի 12:52, սակայն 12:48 մեր դիսպետչերների հետ են կապվել Իրանի դիսպետչերները եւ ասել են, որ «այդ պահը` տարածք մտնելու, չեղյալ համարեք, որովհետեւ ինքնաթիռը չի երեւում ռադարների վրա: Երբ Իրանի դիսպետչերը կապվեց մեր դիսպետչերի հետ եւ ասաց, որ ինքնաթիռի` տարածք մտնելը 12:52 չեղյալ համարեք, այդ պահից արդեն սկսեցինք հետեւողական աշխատանք կատարել ինքնաթիռի գտնվելու վայրի վերաբերյալ», - ասաց Պողոսյանը:

Քաղավիացիայի թռիչքային անվտանգության տեսչական վարչության պետ Սերոբ Կարապետյանը որպես վթարի հնարավոր պատճառ չբացառեց ինքնաթիռի շարժիչում հրդեհի բռնկման վարկածը, որի դեպքում անձնակազմը ի զորու չէ կառավարել օդանավը. սա հնարավոր վարկածներից մեկն է:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը հավելեց. - «Մենք պաշտոնապես ոչ մի տեղեկություն դեռեւս չենք ստացել, չնայած մենք մշտական կապի մեջ ենք, վերջին անգամ 15 րոպե առաջ ենք խոսել Իրանի ավիացիոն իշխանությունների հետ; Եվ լրացուցիչ տեղեկություններ, ստույգ տեղեկություններ ստանալուն պես մենք անմիջապես կտրամադրենք ձեզ»:

Քաղավիացիայի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք չեն տիրապետում վթարի ենթարկված ինքնաթիռի տեխնիկական տվյալներին, քանի որ այն պատկանում է իրանական կողմին, թեեւ հավելեցին, որ «Տու-154Մ» տեսակի ինքնաթիռների տարիքը 15 տարուց ոչ ավելի է: Այդուհանդերձ, ըստ Արսեն Պողոսյանի, «պարսկական ավիաուղիների օդանավերի պարկը հիմնականում «Տու-154» տիպի ինքնաթիռներ են, եւ մեզ մոտ հիմնականում «Տու-154» ինքնաթիռներն էին գալիս»:

Թեհրանից դեպի Երեւան չվերթ իրականացնող ինքնաթիռը, եթե բարեհաջող հասներ նպատակակետին, ապա այստեղից նույն օրը պետք է դեպի Թեհրան տեղափոխեր 43 ուղեւոր: Ինչպես տեղեկացրեց քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալը, «43-ից 21-ին պարսկական ավիաուղիների ներկայացուցիչը տեղավորել է իրենց միջոցներով հյուրանոցներում, իսկ մնացածը` իրենց հարազատների մոտ»:

Հարցին` կմասնակցի արդյո՞ք հայաստանյան կողմը ինքնաթիռի վթարի պատճառների հետաքննությանը, քաղավիացիայի թռիչքային անվտանգության տեսչական վարչության պետ Սերոբ Կարապետյանը պատասխանեց, որ ըստ Չիկագոյի կոնվենցիայի 13 հավելվածի` հետաքննությունը նշանակում է այն երկիրը, որի տարածքում տեղի է ունեցել ավիավթարը` Իրանը, հետաքննությանը մասնակցության իրավունք ունեն [ավիաընկերության] գրանցման պետությունը` նույնպես Իրանը, շահագործող պետությունը` Իրանը, եւ օդանավ արտադրողի եւ նախագծողի պետությունը` Ռուսաստանը: Ըստ պաշտոնյայի, հայկական կողմը կարող է այնտեղ գտնվել միայն տեղեկատվության հասանելիություն ապահովման առումով:

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի նախկին ժամանման սրահի մոտ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի ղեկավարը քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության վարչության պետ Հենրիկ Գաբրիելյանն է: Նա «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ առայժմ աշխատանքներ են տարվում վթարի պահին ինքնաթիռում եղածների վերաբերյալ տեղեկատվության ճշտման եւ նրանց հարազատներին փոխանցելու ուղղությամբ:


Քաղավիացիայի գլխավոր վարչությունից տրամադրել են աղետի ենթարկված օդանավի հայկական ազգանվամբ եւ/կամ անվամբ ուղեւորների, Հայաստանի քաղաքացի հանդիսացող ուղեւորների եւ անձնակազմի անդամների ցուցակը, որը ներկայացվում է ստորեւ.

Հայկական ազգանունով եւ/կամ անունով ուղեւորներ

1. Անտաշյան Նանա
2. Խաչիկ Էդուարդ
3. Ասադորյան Էդվին
4. Բաբումյան Անուշ
5. Սիմոնյան Գալեխմամաքայի/Խաչխաթուն
6. Ավագյան Արշավիր
7. Աջադ Անետ
8. Բողոզիանց Աննա
9. Դերավանեսյան Մարտիկ
10. Նիկոնովա Նատելա
11. Կարապետյան Մանոկպուր
12. Մարգարյան Կարինե
13. Ղոլոխանհավթվանի Հասմիկ
14. Մանասերյան Արշավիր
15. Գարանյան Մելինե
16. Էստեփանյան Նաեիրի
17. Էստեփանյան Շողեր
18. Փուլադիղալեհմամակի Համասփյուռ
19. Ղուկասյան – Սարավանի Կարապետ
20. Սարգսյանց Վահե
21. Սարկեզիանց Արմեն
22. Սերկիսյան Արմեն
23. Սիմոնխաչիկյան Հենրիկ
24. Սիրոյան Արա
25. Դավիթյան Լևոն
26. Շահբազյան Սավարանի Ժորժիկ
27. Թահմազյան Վարթանուշ
28. Թարբինյան Լոսիկ
29. Թարույանց Թամուն
30. Մաիլյան Նաիրի
31. Շահմուրադյան Լ.
32. Հայրոփհովսեփյան Ֆլորիկ
33. Ավանեսյան Ազատ
34. Գրիգորյան Արթուր
35. Ներսիսյան Աշոտ

Հայաստանի քաղաքացիներ

1. Ներսիսյան Աշոտ
2. Գրիգորյան Արթուր
3. Մարգարյան Կարինե
4. Սիրոյան Արա


Անձնակազմի հայ անդամներ

1. Բարսեղյան Գրիգոր
2. Սողոմոնյան Սուրեն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG