Մատչելիության հղումներ

Դատախազի նախկին տեղակալը խստորեն քննադատում է իրավապահ եւ դատական ոլորտը


 Գագիկ Ջհանգիրյան

Գագիկ Ջհանգիրյան

Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, հետընտրական զարգացումների կապակցությամբ անցած տարվա փետրվարի վերջից անազատության մեջ գտնված եւ անցած ամսվա վերջին համաներմամբ ազատ արձակված Գագիկ Ջհանգիրյանը երեքշաբի օրը լրագրողների հետ հանդիպմանը խիստ քննադատության հնչեցրեց Հայաստանի իրավապահ մարմինների եւ դատական համակարգի հասցեին:

«Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ու դատական համակարգը, ըստ էության, չեն իրականացնում իրենց սահմանադրական, օրենսդրական լիազորությունները: Հայաստանի Հանրապետության իրավապահ ու դատական մարմինները իրենց ամենօրյա հակաօրինական ու ապօրինի գործողություններով ոտնահարում ու խախտում են թե' Սահմանադրությունն ու թե' գործող օրենքները», - հայտարարեց նա: - «Հայաստանի Հանրապետությունում չկա վերադաս դատական ատյաններից անկախ ու ինքնուրույն դատարան: Հայաստանի Հանրապետության իրավապահ եւ դատական ոլորտում արդարադատության ու արդարության խորն ու համատարած ճգնաժամ է: Արդյունքում ՀՀ քաղաքացին իր սեփական երկրում հայտնվել է բացարձակ անպաշտպան վիճակում»:

Հարցին, թե արդյո՞ք այդ ամենից անտեղյակ էր, երբ ղեկավարում էր Հայաստանի զինդատախազությունը, կամ գլխավոր դատախազի տեղակալն էր, Ջհանգիրյանը արձագանքեց. - «Ինչո՞ւ եք մտածում, թե այդ պրոբլեմները ինձ համար տեսանելի դարձել հենց այս մեկուկես տարվա ընթացքում»:

Նրա ասաց, որ դեռ 2005-2006 թվականներին, երբ իրականցվում էին դատաիրավական բարեփոխումները, ինքը բարձրաձայնել էր. - «Որ ոչ թե անկախ դատական համակարգ է ստեղծվում, այլ ստեղծում ենք դատարանների մի բուրգ, որտեղ վճռաբեկ դատարանի նախագահը շատ ավելի մեծ լիազորություններ է ստանում ստորադաս դատավորների եւ դատական ատյանների նկատմամբ, քան ցանկացած նախարար՝ իր ոլորտի նկատմամբ»:

Նա ընդունեց, որ մինչեւ 2005 թվականն էլ համակարգում խախտումներ, թերություններ, սխալներ եղել են. - «Ոչ ոք դա չի կարող հերքել: Ես էլ չեմ հերքում, որ իմ աշխատանքում գուցեեւ որոշ բացթողումներ, թերություններ, սխալներ, իհարկե, եղել են: Բայց այսպիսի մասսայական խախտումներ ես ուղղակի չեմ կարողանում հիշել իմ գիտակցական կյանքի ողջ ընթացքում»:

Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ իր մտահոգությունները չէր բարձրաձայնում 2004 թվականի ապրիլյան դեպքերից հետո տեղ գտած բազմաթիվ անօրինական դատավարությունների կապակցությամբ, գլխավոր դատախազի նախկին տեղակալը պատասխանեց. - «Ես միայն Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչի մեջ եմ տեսել կամք, վճռականություն՝ արժեհամակարգային փոփոխություններ իրականացնելու մեր երկրում: Դրա համար, կներեք, եկել եմ 2008-ին: Եթե ուշացել եմ՝ ներեցեք»:

Ջհանգիրյանը հայտարարեց, որ հիմնադրելու է երկրի քաղաքացիների խախտված եւ ոտնահարված իրավունքների եւ ազատությունների արձանագրման հատուկ շտեմարան-քարտադարան. - «Ես այդ շտեմարանը ստեղծում եմ Հայաստանի ապագա իշխանությունների համար»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք այդ շտեմարանում տեղ կգտնի «Հոկտեմբերի 27»-ի գործը, Ջհանգիրյանը, ում ղեկավարությամբ էր իրականացվում այդ գործով նախաքննությունը, արձագանքեց. - «Դրա համար կարեւոր չէ շտեմարան մտցնենք: Իմ հիշողության մեջ կա»:
XS
SM
MD
LG