Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ղարաբաղի անկախության մասին խոսք լինել չի կարող»


Իլհամ Ալիեւ եւ Գորդոն Բրաուն, Լոնդոն, 13 հուլիսի, 2009

Իլհամ Ալիեւ եւ Գորդոն Բրաուն, Լոնդոն, 13 հուլիսի, 2009

Լեռնային Ղարաբաղի անկախության մասին խոսք լինել չի կարող», - երկուշաբթի օրը Լոնդոնում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` Chatham House-ում, Ադրբեջանի նախագահը ասել է, որ Ղարաբաղյան գործընթացում այժմ ստեղծված է «ավելի հուսադրող դինամիկա», արձանագրվում են առաջին արդյունքները, սակայն դա դեռ բավարար չէ վերջնական նպատակին հասնելու համար:

«Վերջին 15 տարում ո’չ պատերազմ է, ո’չ խաղաղություն, եւ ապրում ենք այդ պայմաններում», - նշել է Ալիեւը` կրկին ընդգծելով, թե Ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում պետք է համապատասխանի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին:

«Մենք հասկանում ենք հայկական կողմի անհանգստությունը եւ պատրաստ ենք քննարկել համապատասխան հարցերը: Պատրաստ ենք Ղարաբաղին տալ անհրաժեշտ չափով ինքնավարություն, բայց` միասնական ադրբեջանական պետության շրջանակներում», - ասել է Ադրբեջանի նախագահը:

«Ցավոք, ես չեմ կարող լրիվ բացառել ռազմական լուծումը, քանի որ մենք միջազգային իրավունքի նորմերով իրավասու ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, որը աշխարհի ոչ մի երկիր կասկածի տակ չի առնում», - հայտարարել է Ալիեւը` հավելելով, որ, այնուհանդերձ, պաշտոնական Բաքուն կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` երկուշաբթի ուշ երեկոյան Լոնդոնում կայացել է Իլհամ Ալիեւի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հանդիպումը:

Բանակցությունների ժամանակ Գորդոն Բրաունը բարձր է գնահատել Ադրբեջանում վերջին տարիներին արձանագրվող տնտեսական աճը եւ ընդգծել է. - «Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի համագործակցությունը հաջողությամբ է զարգանում մի շարք ոլորտներում, այդ թվում` էներգետիկ»:

Գորդոնի եւ Ալիեւի ներկայությամբ հուշագիր է ստորագրվել Ադրբեջանի նավթային պետական ընկերության եւ բրիտանական ամենամեծ նավթային ընկերության` British Petroleum-ի միջեւ:

Փաստաթղթի համաձայն` կողմերը համաձայնել են համատեղ որոնողական եւ արդյունաբերական ծրագրեր իրականացնել Կասպից ծովի «Շաֆաք» եւ «Ասիման» հանքավայրերում:

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ` Բաքվից 125 կլիոմետր հարավ-արեւելք գտնվող այդ հանքավայրերում մինչ օրս երկրաբանական աշխատանքներ չեն իրականացվել, եւ դրանց բացառիկ իրավունքը այժմ վերապահվել է բրիտանական ընկերությանը:

Հանդիպման ժամանակ Գորդոն Բրաունը, ըստ ադրբեջանական աղբյուրների, նաեւ բարձր է գնահատել Ադրբեջանում վերջին տարիներին արձանագրված ժողովրդավարական բարեփոխումները եւ նշել, թե Մեծ Բրիտանիան մտադիր է զարգացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները թե’ քաղաքական, թե’ տնտեսական եւ թե’ այլ ոլորտներում:

«Մենք կշարունակենք օժանդակությունը Ադրբեջանին», - ըստ «Թրենդ» գործակալության` ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Ադրբեջանի նախագահը, իր հերթին, խոստացել է շարունակել համագործակցությունը Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության հետ, ապա անդրադառնալով տարածաշրջանին` խոսել է «սառեցված» հակամարտությունների, նախ եւ առաջ` Ղարաբաղյան խնդրի մասին:

«Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի շարունակական ագրեսիան մեծապես խոչընդոտում է Հարավային Կովկասի զարգացմանը», - ըստ ադրբեջանական գործակալությունների` հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանի նախագահի այցը Մեծ Բրիտանիա շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG