Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը նոյեմբերին պաշտոնական այց կկատարի Հունգարիա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերին պաշտոնական այց կկատարի Հունգարիա:

Այցի նախապատրաստական աշխատանքներին, երկկողմ համագործակցությանը, Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ է քննարկվել Հունգարիայի արտգործնախարար Պետեր Բալաշի հետ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` երեկ Բուդապեշտում կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նախարարները բարձր են գնահատել հայ - հունգարական հարաբերությունների զարգացման միտումները եւ նշել բարձր մակարդակի փոխայցելությունների եւ քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել առեւտրատնտեսական գործակցության խորացման ուղիներին: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարեւորել է համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, գործարար համաժողովների անցկացումը: Նախարարները պայմանավորվել են ակտիվացնել տնտեսական ոլորտի համաձայնագրերի նախապատրաստումը` Հայաստանի նախագահի Հունգարիա այցելության ընթացքում ստորագրելու նպատակով:

Մանրամասն քննարկվել են նաեւ Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հունգարիայի արտգործնախարարին է ներկայացրել Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները:

Պետեր Բալաշը ներկայացրել է Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո Եվրոպական միությունում տեղի ունեցող գործընթացները, Եվրոպական հանձնաժողովի ձեւավորման ընթացքը:

Հայաստանի եւ Հունգարիայի արտգործնախարարներն անդրադարձել են նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նախարարների հանդիպմանը հետեւել է համատեղ մամուլի ասուլիս, ապա Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել հունգարական հեռուստատեսությանը:

Բուդապեշտում Էդվարդ Նալբանդյանը հունգարահայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Բուդապեշտում կանգնեցված հուշակոթողին:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Բուխարեստ, որտեղ նախատեսված է հանդիպում Ռումինիայի արտգործնախարար Քրիստիան Դիակոնեսկուի հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG