Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովում հինգշաբթի ուշ երեկոյան քվեարկվել է 2010 թվականի ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության նախագիծը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանի փոխանցմամբ, նիստի վերջնական որոշումները տակավին հայտնի չեն, այդուհանդերձ, նախնական տեղեկությունների համաձայն, հանձնաժողովն առաջնորդվել է նախագահ Բարաք Օբամայի առաջարկներով՝ առնվազն, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի վերաբերյալ:

«Այս պահին մեր տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն, հանձնաժողովը Հայաստանի առաջարկում է 30 միլիոն դոլար, Ադրբեջանին՝ 22 միլիոն եւ Վրաստանին՝ 61 միլիոն, նախագահի առաջարկած գումարից 1 միլիոն պակաս», - ասաց Էլիզաբեթ Չուլջյանն ու վերստին ընդգծելով, որ այդ թվերը վերջնական եւ պաշտոնական չեն՝ հավելեց. - «Դեռ կսպասենք տեղեկություններ ռազմական օժանդակության հավասարակշռման եւ Ղարաբաղի վերաբերյալ»:

Ամերիկյան Կոնգրեսի մյուս պալատի՝ Ներկայացուցիչների պալատի նույն լիազորություններով հանձնաժողովն այս տարվա հունիսին հավանություն է տվել Հայաստանին 48 միլիոն, Լեռնային Ղարաբաղին` 10 միլիոն դոլարի օգնություն հատկացնելու եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական աջակցության հավասարակշռությունը պահպանելու առաջարկին:

Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Ներկայացուցիչների պալատը, հավանաբար, հենց ուրբաթ օրը լիագումար նիստում կընդունի հանձնաժողովի առաջարկը: Սենատի լիագումար նիստի ժամկետի մասին տեղեկատվություն դեռ չկա:

Եթե Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագծերում տարբերություն է լինում, ստեղծվում է համաձայնեցնող հանձնաժողով, որի ընդունած նախագիծը նորից քվեարկության է դրվում Կոնգրեսի երկու պալատներում եւ հավանության արժանանալուց հետո ներկայացվում Սպիտակ տուն՝ նախագահի վավերացմանը:

Այս տարվա ապրիլի 3-ին Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ` դեմոկրատ Ֆրենկ Փալոնն ու հանրապետական Մարք Քըրքը հատուկ նամակով դիմել էին Արտաքին հատկացումների հանձնաժողով՝ հորդորելով Հայաստանին հատկացնել 70 միլիոն դոլարի տնտեսական օգնություն եւ 5 միլիոնի ռազմական աջակցություն, իսկ Լեռնային Ղարաբաղին՝ 10 միլիոն դոլարի օգնություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG