Մատչելիության հղումներ

Բրազիլիան ԱՄՆ-ին՝ «Yes We Can!»


Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա Դա Սիլվան Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային Ակվիլայում գումարված «Մեծ Ութնյակի» եւ զարգացող երկրների գագաթնաժողովում այսօր առավոտյան նվիրել է Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի շապիկը ֆուտբոլիստների ստորագրություններով:

«Ասոշեյթեդ փրես» լրատվական գործակալությունը նշում է, որ Սիլվան նաեւ ընկերաբար «խայթել է» գերտերության ղեկավարին: Թարգմանչի օգնությամբ զրուցելով Օբամայի հետ, նա հիշեցրել է հունիսի 28-ին Կոնֆեդերացիաների գավաթի ԱՄՆ-Բրազիլիա եզրափակիչ հանդիպման մասին եւ մի քանի անգամ կրկնել է Օբամայի նախընտրական կարգախոսը՝ «Yes We Can!»:

Այդ եզրափակիչում առաջինը հաջողության էին հասել ամերիկացիները՝ երկու անգամ գրավելով բրազիլացիների դարպասը, սակայն ի վերջո աշխարհի հնգակի չեմպիոնները բեկել էին խաղի ընթացքն ու հաղթել էին 3-2 հաշվով:

Ըստ «Ասոշեյթեդ փրես»-ի, Օբաման սիրով վերցրել է շապիկն ու ասել. - «Տեսեք, ի՜նչ գեղեցիկ է: Շատ եմ հավանում: Սքանչելի է»:

Կես ժամ տեւած հանդիպման ավարտին Օբաման այնուամենայնիվ ժպիտով ասել է Սիլվային. - «Բայց իմացեք՝ հաջորդ անգամ երկու գնդակի առավելության դեպքում մենք խաղը տանուլ չենք տա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG