Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանցի ընդդիմադիրները ԱՄՆ-ի նախագահին են փոխանցել իրենց մտահոգությունները


Բարաք Օբամայի հանդիպումը ռուսաստանցի ընդդիմադիրների հետ

Բարաք Օբամայի հանդիպումը ռուսաստանցի ընդդիմադիրների հետ

Երեքշաբթի օրը Մոսկվայում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի աշխատանքային վերջին հանդիպումների մեկը ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչների հետ էր: Այն տեւել է մեկ ժամից ավելի:

«Ռից Կարլթոն» հյուրանոցում անցկացված հանդիպմանը հրավիրված էին ընդդիմադիր 9 գործիչներ, նրանց թվում` «Սոլիդարնոստ» շարժման առաջնորդներից Բորիս Նեմցովն ու Գարի Կասպարովը, «Յաբլոկո»-ի ղեկավար Սերգեյ Միտրոխինը, կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովն ու «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ից երկու ներկայացուցիչներ:

Ինչպես ավելի ուշ հանդիպման մասնակիցներն են լրագրողներին փոխանցել` իրենց զրույցի ընթացքում Օբաման ավելի շատ լսել է, քան` խոսել:

Բորիս Նեմցովի խոսքերով` «դա մի հանդիպում էր, որտեղ բոլոր հրավիրվածներն ասում էին այն, ինչը համարում էին հարմար եւ կարեւոր»:

Ռուս ընդդիմադիրների գնահատմամբ` ամերիկացիների հետ հարաբերությունների «վերաբեռնավորմանը» (reset) խանգարում են առանցքային հարցերի վերաբերյալ միանգամայն տարբեր մոտեցումները: Ինչպես Բորիս Նեմցովն է նկատել` ամերիկյան կառավարության համար սկզբունքային արժեք է համարվում, օրինակ, խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, իսկ ռուսների համար` գրաքննությունն ու իշխանության մենաշնորհը:

Օբամայի հետ հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բորիս Նեմցովը նաեւ ասել է. - «Ռուսաստանը կոռումպացված բյուրոկրատիայից ազատագրելու, ազատության համար պայքարի գործը ոչ թե Օբամայի պարտականությունն է, այլ` մերը: Մենք չենք կարծում, թե արտասահմանը մեզ կօգնի, բայց կարծում ենք, որ Ամերիկան` իբրեւ գերտերություն, եւ նախագահ Օբաման էլ` իբրեւ իսկապես համաշխարհային մակարդակի առաջնորդ, պետք է իմանան` ինչ վիճակում է գտնվում Ռուսաստանը»:

Ընդդիմադիրների փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահի հետ իրենք հիմնականում քննարկել են ժողովրդավարության մակարդակին, մարդու իրավունքներին վերաբերող հարցեր, որ Ռուսաստանում բացակայում է խոսքի ազատությունը եւ չեն անցկացվում ազատ եւ թափանցիկ ընտրություններ:

Խոսք է եղել նաեւ ՅՈՒԿՕՍ-ի հայտնի գործի մասին, որով մի քանի մեղադրանքներ են առաջադրվել ռուս խոշոր գործարար Միխայիլ Խոդարկովսկուն:

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Ռիժկովը Օբամայի հետ հանդիպման ավարտին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է. - «Կարծում եմ, նախագահ Օբամայի մոտ` մեր հանդիպումից հետո, պետք է ձեւավորվի համարժեք պատկերացում,թե ինչպիսի դժվարությունների է բախվում ընդդիմությունը մեր երկրում, ինչ է նշանակում ինքնիշխան ժողովրդավարությունը եւ ինչ ծաղիկներ է տալիս այն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG