Մատչելիության հղումներ

Ասադ Ալամ. «Իրավիճակը Հայաստանի տնտեսությունում բարդ է»


«Մենք բոլորս գիտենք, որ իրավիճակը Հայաստանի տնտեսությունում շատ դժվար է եւ իսկապես շատ են խնդիրները ու կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի հաղթահարի տնտեսության առջեւ ծառացած դժվարությունները», - հայտարարում է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը։

Չորեքշաբթի Արագածոտնի մարզի չորս գյուղեր կատարած շրջայցի ժամանակ, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Ասադ Ալամը տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթներին, երբ կամբողջացվեն նաեւ հունիս ամսվա տվյալները, Համաշխարհային բանկը վերանայելու է Հայաստանի տնտեսության այս տարվա իրավիճակի վերաբերյալ իր կանխատեսումները։

«Մեր վերջին գնահատականի համաձայն, այս տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկումը կկազմի մոտ 9.5%, բայց այս կանխատեսումներն անընդհատ փոխվում են, երբ նոր տեղեկություններ են ի հայտ գալիս», - նշեց Ալամը։

Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա կանխատեսումները տնտեսական անկման 3 սցենարների վերաբերյալ, Ասադ Ալամը ասաց. - «Շատ բան կախված է նրանից, թե ինչ տեղի կունենա համաշխարհային տնտեսությունում, ինչքան շուտ վերականգնումը կսկսվի Ռուսաստանի տնտեսությունում եւ Հայաստանի տնտեսության համար կարեւոր այլ երկրներում, ինչպիսին կլինեն մետաղի` հատկապես պղնձի գները։ Իրականում, մենք հիմնվում ենք տարբեր կանխատեսումների վրա։ Այն, ինչ փորձում է անել Հայաստանի կառավարությունը, հենվելն է տարբեր սցենարների վրա, որպեսզի ավելի լավ նախապատրաստվի, եթե հանկարծ իրավիճակը մեր սպասածից ավելի վատթարանա»։

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը այցելել էր Արագածոտնի մարզի Աղձք, Վարդենուտ, Արա եւ Մուլքի գյուղեր՝ տեղում ծանոթանալու իր ներկայացրած հաստատության ֆինանսավորմամբ իրականացվող երեք ծրագրերի առաջընթացին։

Աղձք գյուղում իրականացվում են գազաֆիկացման աշխատանքներ, Վարդենուտ եւ Արա գյուղերը 3.5 կմ-ոց վերանորոգվող ճանապարհով կկապվեն M3 մայրուղուն, իսկ Մուլքի գյուղում կառուցվում է խմելու ջրի պոմպակայան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG