Մատչելիության հղումներ

Մերիլենդի համալսարանի Միջազգային քաղաքական ընկալումների ծրագրի շրջանակներում սոցիոլոգները հարցում են անցկացրել մոլորակի բնակչության 60 տոկոսը ներկայացնող 20 երկրներում` նպատակ ունենալով պարզել հանրության վերաբերմունքը Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ:

WorldPublicOpinion.org կայքէջում տեղադրված հետազոտության արդյունքների համաձայն, Բարաք Օբամայի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց ի վեր գերտերության հանդեպ վերաբերմունքը առանձնապես չի փոխվել. Ամերիկան ընկալվում է որպես միջազգային օրենքներն անտեսող եւ իր ռազմական հզորությամբ մնացածներին սպառնացող պետություն: Այդպիսի կարծիք է հայտնել հարցվածների 83 տոկոսը նույնիսկ Մեծ Բրիտանիայում, որն ավանդաբար համարվում է ԱՄՆ-ի թերեւս ամենամտերիմ դաշնակիցը:

Հարցման արդյունքում ի հայտ է եկել նաեւ պարադոքսային հանգամանք՝ չնայած այդ կարծիքներին, հարցվածների մեծամասնությունը ենթադրում է, որ Օբամայի ընտրությունը բարենպաստ հանգամանք է աշխարհի եւ ԱՄՆ-ի համար, եւ նոր նախագահից ակնկալում է «լավ արտաքին քաղաքականություն»:

WorldPublicOpinion-ի հետազոտությունների բաժնի տնօրեն Սթիվեն Քոլի փոխանցմամբ` «մարդկանց մեծամասնությունը ընդհանուր առմամբ դրական կարծիք ունի ամերիկյան հսկայական նավի ղեկը ստանձնած երիտասարդ նավապետի մասին»: «Մարդիկ գիտակցում են, որ նավը տասնամյակների ընթացքում շարժվել է գերակայության կուրսով, եւ այն փոխելու՝ նավապետի հնարավորությունները որոշակիորեն սահմանափակ են», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Քոլը:

«Նոր վարչակազմն արդեն ամիսներ է աշխատում, սակայն մարդիկ ենթադրում են, որ Միացյալ Նահանգները պարտադրելու քաղաքականություն է վարում եւ անտեսում է օրենքները: Մարդիկ չեն կարծում, որ փոփոխությունն արագ կլինի», - նշել է WorldPublicOpinion-ի հետազոտությունների բաժնի տնօրենը:

Հարցման արդյունքների համաձայն` Միացյալ Նահանգների սահմաններից դուրս Բարաք Օբամայի առավել դրական ընկալումը Եվրոպայում է, այն դրական է նաեւ Չինաստանում, իսկ բացասական ընկալումը մահմեդական աշխարհում է, ինչպես նաեւ Ռուսաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG