Մատչելիության հղումներ

Եվրամիությունն Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով


Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական շրջանակներում քննարկում են Թեհրանի նկատմամբ նոր՝ ավելի կոշտ դիվանագիտական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունն այն դեպքում, եթե Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններն ազատ չարձակվեն բանտում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցին:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, ձեռնարկվելիք միջոցների թվում են Եվրամիության տարածք բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների մուտքն արգելելը եւ Եվրամիության մի շարք երկրների դեսպաններին Թեհրանից միառժամանակ ետ կանչելը:

Իրանի անվտանգության ծառայությունները հետընտրական ընդհարումների օրերին ձերբակալել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան 9 իրանցի աշխատակիցների՝ նրանց մեղադրելով անկարգություններ հրահրելու մեջ:

Անցած ուրբաթ օրը Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունները Իրանի դեսպաններին պաշտոնապես նախազգուշացրել են հնարավոր պատժամիջոցների մասին եւ պահանջել են անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին: Այսօրվա դրությամբ, ինը ձերբալալվածներից բանտում մնացել է մեկը:

Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիվանագիտական անձեռնմխելիություն չունեցող աշխատակիցներից բացի, Իրանում հետընտրական զարգացումների կապակցությամբ լրտեսական գործունեություն ծավալելու կամ բախումներին մասնակցելու մեղադրանքներով ձերբակալվել են Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում գիտնականներ եւ լրագրողներ:

Երեկ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Արեւմուտքին վերստին կոչ է արել «չմիջամտել Իրանի ներքին գործերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG