Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստը


Կիրակի երեկոյան ձերբակալվել է հուլիսի 1-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից 28-ամյա Տիգրան Առաքելյանը: Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչը ձերբակալվել է, երբ որպես վկա կանչվել է ոստիկանություն` հարցաքննվելու հիշյալ միջադեպի առնչությամբ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Առաքելյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը, «ոստիկանության աշխատակիցը երբ առերես պնդեց, իբր իրեն ծեծի ենթարկողներից մեկը եղել է Տիգրան Առաքելյանը, դրանից հետո արդեն իսկ ձերբակալվեց»:

Առաքելյանի գործով տուժող ճանաչված աստիկանը` Էրիկ Պողոսյանը, ըստ փաստաբանի, նույն ոստիկանն է, ով «Մարտի 1»-ի տարբեր գործերով դատարաններում որպես տուժող ցուցմունքներ էր տալիս: «Հայտնի է իր ցուցմունքներով, «7-ի գործով» տվել է, միշտ ամեն տեղ ներկա է եղել, հիմա էլ այստեղ է ներկա, իբր ծեծի է ենթարկվել, իբր մարմնական վնասվածք ունի` ակնհայտ սուտ ցուցմունքներ են տրված», - ասաց Հովհաննիսյանը:

Տիգրան Առաքելյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի («խուլիգանություն») երրորդ մասի հատկանիշներով («իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող անձին դիմադրություն ցույց տալը»), պատժամիջոցը` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով տուգանքից մինչեւ 5 տարվա ազատազրկում:

Նույն հոդվածով կասկածյալ են ճանաչվել նաեւ Առաքելյանի ընկերները` Սահակ Մուրադյանը եւ Հերբերտ Գեւորգյանը, սակայն նրանք չեն ձերբակալվել` անչափահաս լինելու պատճառով. Մուրադյանի դեպքում ընտրվել է «չհեռանալու մասին ստորագրությունը», Գեւորգյանի դեպքում` «ծնողի հսկողությանը հանձնելը»:

Հուլիսի 1-ին երիտասարդներն ահազանգել էին, որ Աբովյան փողոցում անհայտ անձանց կողմից ծեծի եւ բռնության են ենթարկվել ընդդիմության հուլիսի 2-ի արտոնված հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս: Երեքն էլ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանն ու Հերբերտ Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմել էին, որ «Փարիզյան սուրճ» խանութի մոտ իրենց վրա հանկարծակի հարձակվել են 10-15 անձինք` քաղաքացիական հագուստներով, առանց ներկայանալու եւ առանց որեւէ փաստաթուղթ ցույց տալու, փորձել են խլել բարձրախոսն ու թռուցիկները եւ տեսնելով, որ չի հաջողվում, սկսել են հայհոյել ու զենքերի կոթերով հարվածել, ինչը վերածվել է ծեծկռտուքի:

Սակայն ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` երիտասարդներն են բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ, փայտերով ու մահակներով ծեծել են, երբ ոստիկանները վկայականները ցույց են տվել ու փորձել հարթել շուրջ 6 տասնյակ մարդկանց վիճաբանությունը, արդյունքում` ոստիկանության աշխատակից Էրիկ Պողոսյանը տեղափոխվել է հիվանդանոց:

«Ի սկզբանե ապօրինություններ են կատարվում ակնհայտ, որովհետեւ ոստիկանության Կենտրոնականի բաԺնի քրեական հետախուզության օպերլիազորների ցուցմունքների հիման վրա են անձանց հետապնդում: Ինչն է հետաքրքիր` որ Կենտրոնականի ոստիկանության աշխատակիցների գործը քննվում է Կենտրոնի քննչական բաժնում, այսինքն` կողմնակալ քննություն է կատարվում», - ընդգծեց փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս ամենը համարեց Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի ձեռքի գործը` պնդելով, որ նա է կազմակերպել ընդդիմադիր երիտասարդների ծեծկռտուքը, հիմա էլ գործ է բացում նրանց վրա:

«Ապրիլի 29-ի նմանատիպ միջադեպից հետո նա զանգեց ինձ եւ շանտաժ արեց, որ եթե տղաները պնդեն իրենց ցուցմունքները, բանտ կնստեն: Հուլիսի 1-ին ինքը անձամբ ներկայացավ հիվանդանոց ու սկսեց տեղալ սպառնալիքներ` հենց իմ ներկայությամբ, որ, հենց էդպես էլ ասում էր` «ձեր քթներից կհանեմ սա», սպառնաց, որ տղաները կնստեն բանտ», - պատմեց Զուրաբյանը` եզրակացնելով. - «Այսինքն` նա անձամբ հրահրել, կազմակերպել, իսկ հետո էլ հետամուտ է եղել այդ հանցագործության ե’ւ կատարմանը, ե’ւ ապահովմանը: Իհարկե, այդքան միամիտ չենք, որ հավատանք, որ նա դա անում է իր անձնական նախաձեռնությամբ, հասկանալի է, որ նա ունի իշխանությունների հավանությունը»:

«Իշխանությունը շատ կեղտոտ ոճ է որդեգրել. իշխանությունների ներկայացուցիչները սադրում են բռնություններ, կատարում հանցագործություններ, հետո դրա համար պատժում տուժողներին: Ինչպես մարտի 1-ին եղավ», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգողը:

Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խստորեն դատապարտեց ե’ւ այս հայտարարությունները, ե’ւ հուլիսի 1-ի, իր խոսքերով` «ոստիկանների նկատմամբ կատարված բռնությունները», պնդելով, որ երիտասարդները նախապես իմացել են, որ նրանք ոստիկաններ են:

«Տղաները ինձ զեկուցել են, որ վկայականները նախապես ցույց են տվել: Նրանք հանցագործության պահին իմացել են, որ դիմացինները ոստիկաններ են, որովհետեւ հիվանդանոցի ընդունարանում ասել են, թե ոստիկանության աշխատակիցների կողմից են ծեծի ենթարկվել: Ո՞նց կարելի է մարդուն վնասվածքներ հասցնել, հետո նկարներից հանել այն կադրերը, որտեղ կա, թե ինչպես են ոստիկանին գցել բորդյուրին ու գլխին ոտքով խփում են», - ասաց Աշոտ Կարապետյանը` հավելելով. - «Էդ անձնավորությունները քանի՞ ոստիկանությանը դիմադրությունով են անցել` երեք քրեական գործով անցնում են, ո՞նց կարելի է 14 տարեկան երեխային դրդել նման հանցագործության: Ես դա այդպես չեմ թողնի. Նրանք պետք է պատասխան տան»:

Առաքելյանի ձերբակալության կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական խորհուրդը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. - «Վերջին մի քանի ամիսներին երիտասարդության դեմ սկսված արշավը ցույց է տալիս, որ իշխանությունների համար թիվ մեկ թիրախը դառնում է երիտասարդությունը, որն աչքի է ընկնում իր ազատատենչությամբ եւ ապօրինի ռեժիմի դեմ իր անզիջում պայքարով: Ռեժիմից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր ընկերոջը եւ հայտարարում ենք, որ այսօրինակ քայլերը կրկնապատկելու են մեր ջանքերը` օր առաջ երկրում օրինական իշխանություն հաստատելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG