Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ներկայացավ դատախազություն


Չորեքշաբթի օրը դատախազություն ներկայացավ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվող` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Դատախազության շենքում Փաշինյանը կարճատեւ զրույց ունեցավ լրագրողների հետ:

«Միանշանակ վստահ եմ, որ իմ այս քայլը դրական է, եւ միանշանակ վստահ եմ, որ այն մեր պայքարին նոր շունչ է հաղորդելու», - ասաց Փաշինյանը: - «Կասկած չունեմ, որ մեր պայքարը հաղթանակով է ավարտվելու»:

Հարցին, թե ինչ է իրեն սպասվում, նա պատասխանեց. - «Հետո ինձ կձերբակալեն, հետո կալանքի սանկցիա կտան, հետո կդատապարտեն հնարավորինս երկար տարիների ազատազրկման... Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, եւ ինձ հետ որեւէ բան լինել չի կարող: Ես սրանում վստահ եմ»:

Փաշինյանը վստահեցրեց, որ իր պայքարը շարունակելու է բանտում՝ հիմնավորելով. - «Միքայել Հայրապետյանը հոդված էր հրապարակել, որտեղ ասում էր, որ ես ինչ-որ առումով դրոշ եմ, փարոս եմ, չի կարելի, որ ես բանտում հայտնվեմ: Իմ սիրելի եղբորը ուզում եմ ասել, որ ես ուզում եմ փարոս լինել բանտում, եւ քանի դեռ ես բանտում եմ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանում կա օրինականության, ազատության խնդիր, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի պետք է պայքարի հանուն այդ ազատության»:

Անդրադառնալով համաներմանը՝ «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը ասաց. - «Ինձ համար կարեւորն այն է, որ իմ 20-ից ավելի քաղբանտարկյալ ընկերներ հայտնվել են ազատության մեջ: Ընդ որում՝ ինձ հնարավորություն են տվել, որ ես հայտնվեմ այստեղ: Ես ուզում եմ անկեղծ ասել. եթե իրենք մնային բանտերում, ես չէի կարող այս որոշումը կայացնել»:

Նա բացառեց, թե կարող է առաջիկայում զղջալ այսօր կատարած քայլի համար. - «Խնդրում եմ, ինձ այդքան անլուրջ մի վերաբերվեք: Այս ընթացքում իմ կայացրած ցանկացած որոշման մեջ համոզված եմ: Միակ ցավը այն է, որ մենք 10 զոհ ենք ունեցել; Ես այսօր գլխավոր դատախազության մուտքի մոտից կրկին ուզում եմ գլուխ խոնարհել մարտի 1-ի բոլոր 10 զոհերի հարազատների առջեւ: Ուզում եմ, որ նրանք իմանան՝ մարդասպաններին պատժելու գործը իմ անձնական գործն է, իմ կյանքի գործն է: Եվ ես մինչեւ վերջ պայքարելու եմ, որ բոլոր մարդասպանները կանգնեն դատարանի առաջ՝ առանց համաներման իրավունքի»:

Դատախազությունից Փաշինյանը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց Կենտրոնի ոստիկանություն: Այնտեղ մեկնեցին նաեւ նրա փաստաբանները՝ Արա Զաքարյանը, Տիգրան Աթանեսյանը եւ Արթուր Գրիգորյանը: Ավելի ուշ Փաշինյանին կալանավորեցին եւ ուղեկցեցին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Հունիսի վերջին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ընդհատակից դուրս գալու եւ իր պայքարը բանտում շարունակելու որոշման մասին: Իր տարածած հայտարարության մեջ Փաշինյանը գրել էր, որ ընդհատակից բանտ տեղափոխվելու իր որոշումը «արդյունավետ քաղաքական պայքարը շարունակելու մտահոգությամբ է թելադրված», եւ եկել է իր բնորոշմամբ` «քաղբանտարկյալ դառնալու» իր հերթը:

Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով: Նա մեղադրվում է «Զանգվածային անկարգությունների կազմակերպման», «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու» մեջ:

Փաշինյանին առաջադրված մեղադրանքների համար Քրեական օրենսգրքով նախատեսված ամենախիստ պատիժը 4-ից մինչեւ 10 տարվա ազատազրկումն է:

Հունիսի 19-ին Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշման համաձայն` պատժից ազատվում են մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ առավելագույնը 5 տարվա ազատազրկման դատապարտվածները:

Համաներումը չի կիրառվում մինչեւ Ազգային ժողովի որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ` «բացառությամբ այն անձանց, որոնք մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաuտանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իuկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG