Մատչելիության հղումներ

26-ամյա Նեդան` իրանցիների ընդվզման խորհրդանիշ


26-ամյա Նեդա Աղա Սոլթանը, ով սպանվեց հունիսի 20-ին Թեհրանում բողոքի ցույցի ժամանակ, դարձել է իրանցիների ընդվզման խորհրդանիշը: Նկարահանված կադրերից վերջինը, որը Նեդայի երիտասարդ արնաշաղախ դեմքն է պատկերում, երեւում է իրանցիների բողոքի բոլոր ցույցերում ` պաստառների վրա:

Ինչ-որ մեկը բջջայինով ֆիքսել է այն պահը, երբ Նեդան, ով բողոքի ցույցի էր եկել իր երաժշտության ուսուցչի հետ, հանկարծ ընկնում է գետնին... հավաքվածները նախ փորձում են հասկանալ` ինչ է կատարվում, փորձում են օգնություն ցույց տալ, սակայն հաշվված վայրկյանների ընթացքում Նեդան հանգչում է, ինչպես հետո է պարզվում` սրտին արձակված գնդակից:

Նեդային փրկել փորձող երիտասարդներից մեկը` Արաշ Հաջեզին BBC-ին պատմում է. - «Մենք լսեցինք կրակոց, ես հարցրի ընկերոջս` սա կրակո՞ց էր, նա ասաց` ոչ, նրանք պլաստիկե փամփուշտներ են օգտագործում, եւ երբ շրջվեցինք, ես տեսա Նեդային, նրա կրծքավանդակից արյուն էր հոսում, նա կանգնած, ապշահար, գլուխը հակել էր կրծքին, հետո կորցրեց հավասարակշռությունը ...»:

«Հավատում եմ , որ Նեդայի մահը իզուր չէր: Նա եկել էր պայքարելու իր իրավունքների, իր ձայնի համար, եւ այն, որ նրա պատկերը ողջ աշխարհում այդքան արագ տարածվեց` դա մի բան նշանակում է, դա որոշակի ուղերձ է», - ասում է Հաջեզին:

Նեդայի կյանքի վերջին վայրկյանները պատկերող կադրերը արձագանք են գտել ողջ աշխարհում. տարբեր ազգության հազարավոր մարդիկ Ինտերենտը ողողել են իրենց ցավակցությամբ եւ զորակցությամբ, իսկ կանադացի երգիչ երգահան Ջոնի Մուդլինը երգ է նվիրել իրանցի աղջկան:

The Wall Street Journal-ում էլ հրապարակվել է բաց նամակ` ուղղված Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին: Նամակի հեղինակը` Փարվանե Վահիդմանեշը, ով մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից է եւ այժմ բնակվում է Վաշինգտոնում, գրում է. - «Նեդա Սոլթանը` երիտասարդ անմեղ աղջիկը, որ սպանվեց Թեհրանում, նույն տարիքին էր, ինչ ես եւ ձեր դուստրը, Նա եկել էր ցույցի առանց զենքի: Միակ բանը, որ բերել էր` իր ձայնն էր, որ աղաղակում էր ի նշան բողոքի` ձեր ռեժիմի դեմ: Նեդան մահացել է, նրա ձայնն այլեւս չի աղաղակի` խանգարելու ձեր հանգիստը: Ես խղճում եմ ձեզ, այն արյունը, որ թափեցիք, ի չիք է դարձնում ձեր 70 տարվա աստվածավախությունն ու առաքինությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG