Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը որոշել է դուրս գալ ընդհատակից


Մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ հետախուզման մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը ակնկալում է, որ իր ամուսինը մինչեւ հուլիսի 31-ը դուրս կգա ընդհատակից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նա վկայակոչեց Փաշինյանի` նախօրեին տարածած հայտարարությունը, ըստ որի «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը ընդհատակից դուրս գալու եւ իր պայքարը բանտում շարունակելու որոշում է կայացրել:

«Եթե ավելի անկեղծ լինեմ, ես երբեք չեմ պատկերացրել, որ ինքը կարող է երկար ժամանակ լինել ընդհատակում: Մենք միշտ իմացել ենք, որ որոշակի պահից սկսված դա պետք է ավարտվի», - ասաց Աննա Հակոբյանը:

Իր հայտարարության մեջ Փաշինյանը գրել է, որ ընդհատակից բանտ տեղափոխվելու իր որոշումը «արդյունավետ քաղաքական պայքարը շարունակելու մտահոգությամբ է թելադրված», եւ եկել է իր բնորոշմամբ` «քաղբանտարկյալ դառնալու» իր հերթը:

Հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանը որոշել հենց հիմա դուրս գալ ընդհատակից, ինչո՞ւ դա չէր անում նախկինում, երբ շարժման առաջնորդներից շատերը ձերբակալվում էին եւ ամիսներ շարունակ դատական գործընթացներ էին իրականացվում, Աննա Հակոբյանը պատասխանեց. - «Նա այդ ամբողջ ընթացքում զբաղվել է ինտենսիվ եւ բուռն գործունեությամբ, որի հնարավորությունը, կարելի է ենթադրել, որ չէր լինի բանտում եղած ժամանակ, հնարավոր էին սահմանափակումներ: Այս մեկուկես տարվա ընթացքում նա ազատորեն արել է իր գործը, եւ արժեր այդ գործի համար սպասել այս ամբողջ ընթացքը»:

«Հիմա, նաեւ այն պատճառով, որ բանտարկված քաղաքական գործիչները արդեն դուրս են եկել եւ ազատություն են ստացել եւ իրենք կարող են գործը ազատության մեջ անել ամբողջ թափով, ինքը կարող է եւ նվազեցնել իր գործունեությունը», - հավելեց Փաշինյանի կինը:

Աննա Հակոբյանը նշեց, որ իրավապահներն ու քննչական մարմինները որեւէ կերպ չեն արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Ինչ Նիկոլը գտնվում է ընդհատակում, մի ամբողջ վարչություն, ենթադրում եմ «7-րդ վարչությունը», ամբողջ ընթացքում հետապնդում է ինձ` որեւէ կերպ հետքի վրա դուրս գալու համար: Դա հայտարարությունից հետո որեւէ ձեւով չի փոխվել: Այդ մարդիկ, ինչպես որ իմ շուրջն էին, ինձ ուղեկցում էին ամենուր ուր ես գնացել եմ 24-ժամյա ինտենսիվությամբ, նույնը շարունակվում է հիմա», - պատմեց Աննա Հակոբյանը:

Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով: Նա մեղադրվում է «Զանգվածային անկարգությունների կազմակերպման», «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու» մեջ:

«Հայկական ժամանակ» օրաթերթի իրավաբան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ այս բոլոր երեք հոդվածների նկատմամբ համաներումը տարածվում է, եթե հետախուզման մեջ գտնվողը մինչեւ հուլիսի 31-ը ներկայանա իրավապահ մարմիններին եւ ազատազրկման դատապարտվի ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով:

Փաշինյանին առաջադրված մեղադրանքների համար Քրեական օրենսգրքով սահմանված ամենախիստ պատիժը 4-ից մինչեւ 10 տարվա ազատազրկումն է:

Մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ հետախուզվում է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Նրա փաստաբան Արա Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Սուքիասյանի ծրագրերի մասին իրենց որեւէ բան առայժմ հայտնի չէ:

Հետընտրական իրադարձությունների հետեւանքով հետախուզման մեջ գտնվողները 5-ն են: Բացի Նիկոլ Փաշինյանից ու Խաչատուր Սուքիասյանից, ընդհատակում են նաեւ Համլետ Հովհաննիսյանը, Վիրաբ Մանուկյանը, Սեւակ Ստեփանյանը:

Համլետ Հովհաննիսյանը եւ Վիրաբ Մանուկյանը մեղադրվում են 225 հոդվածի առաջին մասով, իսկ Սեւակ Ստեփանյանը` երկրորդ մասով` «Զանգվածային անկարգություններին մասնակցելու» մեջ: Համաներման ակտում բոլոր այս հոդվածները ներառված են:

Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ առայժմ հետախուզման մեջ գտնվողներից որեւէ մեկը չի ներկայացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG