Մատչելիության հղումներ

logo-print

Հունիսի 25-ի մամուլ


«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Համաներման արդյունքում ազատ արձակված քաղբանտարկյալները մեկը մյուսի հետեւից հայտարարում են, որ շարունակելու են պայքարը հանցավոր այս իշխանությունների դեմ: Կարող եք չկասկածել` իսկապես էլ շարունակելու են, եւ դրա շնորհիվ պայքարն ավելի է հզորանալու: Բայց հարց է ծագում` որո՞նք են լինելու այդ պայքարի կոնկրետ քայլերը, եւ ի՞նչ գործընթացների արդյունքում է Կոնգրեսը հասնելու հաղթանակի: Քաղբանտարկյալների ազատ արձակումն, իհարկե, ոգեւորության մեծ ալիք է առաջացրել Հայաստանում, բայց ամեն դեպքում` առաջիկա «ճանապարհային քարտեզն» անորոշ է»:

«Գոլոս Արմենիի»-ին հիշեցնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից մեկը. - «Կոնգրեսը եւ նրան նախորդած համաժողովրդական շարժումը երբեք չի հրաժարվել որեւէ ընդդիմադիր ուժի հետ համագործակցությունից: Հիշենք թեկուզ նախագահական ընտրությունների նախօրեին մեր բանակցությունները Հայ հեղափոխական դաշնակցության, «Օրինաց երկիր»-ի, «Ազգային միաբանության», «Ժառանգության», «Նոր ժամանակներ»-ի, ԱԺՄ-ի հետ»: Ըստ մեկնաբանի՝ այդ բանակցությունները նշանակալի չափով կանխորոշեցին նշված կուսակցությունների հետագա ճակատագիրը. - «Ներկա պահին նրանցից ոչ մեկը չի կարող պարծենալ ապագայի լուրջ հեռանկարով: Մինչդեռ, երկար լռությունից հետո, անսպասելիորեն Առաջին հանրային հեռուստաալիքով շուրջ մեկժամյա մենախոսությամբ հայտնվեց Արտաշես Մամիկոնիչը [Գեղամյանը], թեեւ խայտառակ ձախողումներից հետո, թվում էր, նա երբեք չի վերադառնա հանրային քաղաքականություն: Հանրային ասպարեզում հայտնվեցին, ճիշտ է՝ այժմ արդեն այլ որակով, Վազգեն Մանուկյանը եւ Խոսրով Հարությունյանը: Արամ Կարապետյանը նորից խոսեց լրտեսների եւ կոմպրոմատների մասին»:

Արամ Կարապետյանը զրուցել է նաեւ «168 ժամ»-ի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ազգային ժողովում տեղի ունեցած խմորումների, ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ընթացքի վերջին զարգացումների առանցքում նորից աշխուժացել է արտահերթ ընտրությունների թեման: Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ աշնանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան»: Կարապետյանը պատասխանում է. - «Նմանատիպ խնդիր Հայաստանի համար իսկապես գոյություն ունի: Դա արդեն դարձել է օրվա հրամայականը: Հատկապես, երբ կոալիցիան՝ որպես այդպիսին, արդեն գոյություն չունի: Դաշնակցությունը դուրս է եկել, «Օրինաց երկիր»-ի ձայները շատ են պակասել, «Բարգավաճ Հայաստան»-ն էլ, որքան ես հասկացա, Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում չվերցնելով որեւէ պաշտոն՝ փաստացիորեն քաղաքական դեմարշ է արել: Այս պայմաններում ի՞նչ կոալիցիա: Քաղաքական դաշտը վերաձեւվել է: Ընդդիմությունը խորհրդարանում ներկայացված է միայն «Ժառանգության» 7 պատգամավորներով: Հասարակական-քաղաքական պահանջը որեւէ ձեւով արտացոլված չէ խորհրդարանում»:

«ժամանակ»-ը վերատպել է վաղամեռիկ Տիգրան Հայրապետյանի՝ 1996 թվականին գրած հոդվածը, որը այժմեական է թվում նաեւ այսօր՝ 13 տարի անց: «Իշխանության լեգիտիմության վերականգմնան հրամայականը» հոդվածում Տիգրան Հայրապետյանը գրել է. - «Այն, որ մինչեւ այսօր Բաղրամյան փողոցի գլխավոր նստավայրը սֆինքսի անվրդովությամբ լռություն է պահպահում՝ խորացնելով անդունդը հասարակության եւ նախագահի միջեւ, կարող է բացատրվել երկու հանգամանքով. կամ երկրի պատասխանատու ղեկավարները լավ չեն պատկերացնում շարունակվող գործընթացի ողջ բարդությունը, դավադրություն-սաբոտաժի իրական մասշտաբները եւ անխուսափելի հետեւանքները ոչ միայն իրենց անձնական, այլեւ համազգային ապագայի տեսանկունից, եւ կամ զինվորների ճտքակոշիկների տակ հաստատված անդորրի ու տարբեր վայ խորհրդատուների ազդեցության ներքո կրկին սկսում է գերակայել «մեր դեմ խաղ չկա» հոգեբանական խաբկանքը»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Հայաստանի տնտեսական վիճակն արդեն այնպիսին է, որ կառավարությունները նույնիսկ բյուջետային հիմնարկների աշխատավարձերն ու կենսաթոշակները չի կարողանում վճարել, եւ դրա համար դրսից վարկ է վերցնում: Դա նույնն է, թե ընտանիքը ոչ միայն ընդհանրապես կրճատի ծախսերը, այլեւ փող պարտք անի անգամ ցամաք հացի համար: Բյուջետային հիմնարկներից են, օրինակ, ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը: Բյուջետային աշխատողներ են պատգամավորները, նախարարները, դատավորները եւ այլն: Այս համակարգերը այնքան վատ են աշխատում, որ անգամ իրենց աշխատավարձը չեն կարողանում ապահովել եւ, փաստորեն, պարտքով են ապրում: Ընդ որում, այդ պարտքը պիտի փակեն մեր սերունդները: Ի դեպ, հարկայինը նույնպես բոյուջետային հիմնարկ է, եւ ահա հարկային տեռորի արդյունքում հարյուրավոր ձեռնարկություններ են փակվում, հազարավոր մարդիկ գործազուրկ են դառնում: Արդյունքում բյուջեն դատարկվում է, իսկ իշխանությունները հանգիստ դրսից պարտքով փող են վերցնում եւ վճարում նրանց աշխատավարձը: Դատավորները խայտառակ անօրինություններ են գործում, անմեղ մարդկանց լցնում բանտերը եւ բյուջեից աշխատավարձ ստանում, որը հետագայում պիտի վճարեն այդ նույն կալանավորների սերունդները»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Այսօր հաճախ կարելի է լսել կարծիքներ, թե մոլեգնող ճգնաժամի պայմաններում առանց օրենքի դիկտատուրա հաստատելու կառավարության ցանկացած նախաձեռնության արդյունավետությունը հարցականի տակ է դրվում: Ընդհանուր առմամբ, օրենքի դիկտատուրան վատ բան չէ, սակայն որքանո՞վ է իրատեսական դրա հաստատումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG