Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) չորեքշաբթի օրը կընդունի բանաձեւ Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին: Շրջանառության մեջ դրված նախագծի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության` ինչպես իշխող կոալիցիան ներկայացնող, այնպես էլ ընդդիմադիր անդամները:

Կոալիցիան ներկայացնող պատվիրակները շուրջ մեկ տասնյակ` գերազանցապես խմբագրական բնույթի առաջարկներ են արել:

Մասնավորապես, բանաձեւի նախագծում անդրադարձ կա հեռուստահեռարձակման մրցույթ անցկացնելու խնդրին, ինչի կապակցությամբ նորից նշված է, որ Հայաստանում թվային հեռարձակման համակարգի ներդրումը չպիտի օգտագործվի որպես պատրվակ «Ա1+» հեռուստակայանի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռը չկատարելու համար: Հայաստանյան պատվիրակության` կոալիցիան ներկայացնող անդամները առաջարկել են հանել «Ա1+»-ի վերաբերյալ վճիռը չկատարելու մասին հիշատակումը:

Անցած տարվա հունիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ «Ա1+»-ի եթերազրկումը հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որը վերաբերում է ազատ խոսքի իրավունքին:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը առաջարկել է նաեւ բանաձեւում ընդգրկել հետեւյալ նոր պարբերությունը. - «Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի հանրության թե’ խորհրդարանական, թե’ արտախորհրդարանական քաղաքական ուժերին` բաց չթողնել այդ նոր հնարավորությունը եւ մասնակցել բաց, կառուցողական եւ լուրջ երկխոսությանը բարեփոխումների վերաբերյալ, որոնք պահանջվում են Վեհաժողովի կողմից, եւ մերժել բոյկոտներն ու հակամարտության այլ գործողությունները, որոնք խոչընդոտում են Հայաստանի քաղաքական կայունությանը եւ ժողովրդավարական զարգացմանը»:

Պատվիրակությունում «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, իր հերթին, ներկայացրել է ուղղումներ կատարելու վերաբերյալ իր առաջարկները: Դրանցից մեկով առաջարկվում է նախագծի այն դրույթից հետո, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված ոչ բոլորն են ազատ արձակվել համաներման հետեւանքով, ավելացնել, թե Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին` օգտագործել առկա բոլոր իրավական գործիքները մնացած մարդկանց եւս ազատ արձակելու համար:

Փոստանջյանը առաջարկել է նաեւ նախագծում ավելացնել մի դրույթ, որով Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերակազմավորել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման Փորձագետների փաստահավաք խումբը եւ թույլ տալ այդ խմբում ներգրավել անկախ միջազգային փորձագետների:

Փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցվել է նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 6-ի կարգադրությամբ:

«Ժառանգության» ներկայացուցչի երրորդ առաջարկն է` պահանջել ԵԽԽՎ-ի համազեկուցողներից, որպեսզի նրանք Հայաստան այցելեն մինչեւ Վեհաժողովի ձմեռային նստաշրջանը` այդ բանաձեւի պահանջների հետ կապված Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույց պատրաստելու նպատակով:

Նախագծում առաջարկվող փոփոխությունները կքննարկվեն ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, ապա բանաձեւը կներկայացվի Վեհաժողովի լիագումար նիստի քննարկմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG