Մատչելիության հղումներ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը երկուշաբթի օրը ավարտել է ստենդբայ համաձայնագրի (Stand-By Arrangement) շրջանակներում Հայաստանի տնտեսական կատարողականի առաջին ուսումնասիրությունը եւ հավանություն տվել ԱՄՀ-ի ֆինանսական օժանդակությունը մինչեւ 533.6 միլիոն հատուկ փոխառության իրավունքին (շուրջ 822.7 միլիոն դոլար կամ Հայաստանի քվոտայի 580 տոկոսը) համարժեք գումար ավելացնելուն:

ԱՄՀ-ի տարածած հաղորդագրության համաձայն` այս որոշումները հնարավորություն են տալիս անմիջապես տրամադրել 102.7 միլիոն ՀՓԻ (շուրջ 158.3 միլիոն դոլար)` տեղաμաշխված ընդհանուր գումարը հասցնելով 264.2 միլիոն ՀՓԻ-ի (շուրջ 400 միլիոն դոլար):

Խորհուրդը նաեւ ազատել է կառավարությանը «բանկային համակարգի զուտ վարկավորման» եւ «ծրագրի հարկաբյուջետային հաշվեկշռի» մասով կատարողական չափորոշիչների պահանջից:

28 ամիս տեւողությամբ 368 միլիոն ՍԴՌ-ի (շուրջ 540 միլիոն դոլար) օժանդակության վարկային ծրագիրը (Stand-By Arrangement) Հայաստանի համար ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հաստատել է մարտի 6-ին:

Փոփոխված համաձայնագիրը կոչված է օժանդակել կառավարության տնտեսական ծրագրին` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սպասվածից ծանր ազդեցության պայմաններում:

Փոփոխված ծրագրի հիմնական քաղաքականությունները, ըստ ԱՄՀ-ի հաղորդագրության, հետեւյալն են.

- Դրամավարկային պայմանները կթուլացվեն, այդ թվում Կենտրոնական բանկի` բանկերին երկարաժամկետ դրամային իրացվելիություն տրամադրելու գործիքակազմի ընդլայնմամբ եւ փոքր ու միջին ձեռնարկություններին ուղղված վերավարկավորման ավելացմամբ:

- Հարկաբյուջետային քաղաքականությունը նույնպես կթուլացվի: Չնայածհարկաբյուջետային եկամուտների նվազմանը, կառավարությունը կհետապնդի ընդհանուր ծախսերը 2009 թվականի սկզբնական բյուջեին մոտ մակարդակում պահպանելու նպատակ` սոցիալական ծախսերը պաշտպանելու հետ միաժամանակ ավելացնելով ենթակառուցվածքների ոլորտում խիստ առաջնահերթ ծրագրերի գծով ծախսերը, որոնց հիմնական մասը ֆինանսավորվում է երկկողմ դոնոր կազմակերպությունների կողմից:

- Բարեփոխումները մասնավորապես կկենտրոնանան ֆինանսական հատվածի վերահսկողության շարունակական ամրապնդման եւ հարկային վարչարարության բարելավման վրա:

- Սոցիալական ապահովության ցանցերը կկատարելագործվեն` սոցիալական ծառայությունները նպատակաուղղելով անապահով
խավերին:

Հայաստանին նվիրված քննարկումից հետո ԱՄՀ-ի կառավարիչ-փոխտնօրեն եւ նախագահի պաշտոնակատար Մուրիլո Պորտուգալը, մասնավորապես, նշել է. - «2009 թվականի մարտին պահուստային վարկավորման համաձայնագրի հաստատումից հետո, Հայաստանի համար արտաքին տնտեսական հեռանկարը զգալի վատթարացել է: Մասնավոր տրանսֆերտների եւ կապիտալ ներհոսքերի նվազումը խորացրել է արտաքին անհավասարակշռությունները եւ բացասաբար անդրադարձել տնային տնտեսությունների եկամուտների եւ ներդրողների վստահության վրա: Շինարարական գործունեությունը` նախկին տարիների աճի հիմնական շարժիչը, սրընթաց անկում է ապրել, իսկ տնտեսությունը խորը անկման մեջ է: Հիմնադրամից լրացուցիչ ֆինանսական աջակցությունը կօգնի հոգալ Հայաստանի ավելացող ֆինանսական կարիքները, իսկ իշխանությունների տնտեսական ծրագրի վերագնահատումը` ավելի լավ հակազդել խորացող անկմանը»:

«Իշխանությունները վճռականորեն հավատարիմ են մնում ծրագրի` փոփոխված արտաքին միջավայրին հարմարվելու, արժույթի եւ μանկային համակարգի նկատմամբ վստահությանն օժանդակելու եւ անապահով խավի պաշտպանության նպատակների իրագործմանը: Ճկուն փոխարժեքին բարեհաջող վերադարձից հետո, դրամավարկային քաղաքականությունը կկենտրոնանա ցածր գնաճի պահպանման վրա: Բացի այդ, իշխանություններն ակտիվ միջոցառումներ են ձեռնարկում բանկային համակարգն իրացվելիությամբ ապահովելու եւ վարկավորման վերականգնմանն օգնելու ուղղությամբ: Հարկաբյուջետային քաղաքականությամբ կարեւորագույն օժանդակություն կցուցաբերվի` ենթակառուցվածքներում աճը խթանող ներդրումների արագացման եւ սոցիալական ապահովության ցանցերի ամրապնդման միջոցով», - ասել է Մուրիլո Պորտուգալը:

«2010 թվականին արտաքին պայմանների բարելավմանը զուգընթաց` ակնկալվում է, որ աճն աստիճանաբար կվերականգնվի», - նշել է ԱՄՀ-ի նախագահի պաշտոնակատարը` ամփոփելով. - «Այնուամենայնիվ, կարճաժամկետ հեռանակարում բազում մարտահրավերներ կան: Տնտեսության աճի միջնաժամկետ ներուժի խթանման համար անհրաժեշտ կլինեն շարունակական բարեփոխումներ, ներառյալ` գործարար միջավայրի բարելավում, հարկային քաղաքականության եւ հարկային վարչարարության բարեփոխումների անավարտ օրակարգի եզրափակում եւ ֆինանսական համակարգի բարեփոխումների
ուղղությամբ առաջընթաց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG