Մատչելիության հղումներ

Հունվար-մայիս ամիսներին ՀՆԱ-ի անկումը կազմել է 15.7 տոկոս


Ազգային վիճակագրական ծառայությունը հունիսի 19-ին հրապարակել է այս տարվա առաջին 5 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 15.7 տոկոսով: Տնտեսական անկման մեջ հատկապես մեծ է շինարարության ծավալների կրճատման դերը:

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած նախնական մակրոտնտեսական ցուցանիշներից պարզվել է, որ տնտեսության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 839.4 միլիարդ դրամ ( 2.44 միլիարդ դոլար). Ընդ որում` տնտեսության անկումը արագացել է. այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին ՀՆԱ-ն կրճատվել է 9.7 տոկոսով: Նախքան համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը` մինչեւ նախորդ տարվա սեպտեմբեր ամիսը, Հայաստանի տնտեսությունը աճում էր երկնիշ ցուցանիշներով:

ԱՎԾ-ի հրապարակած վերջին տվյալներից պարզ է դառնում, որ տնտեսական անկումը մեծապես պայմանավորված է շանարարության ոլորտում տնտեսական ցուցանիշների վատթարացմամբ: Շինարարության ոլորտը, որը վերջին տարիների արագ տնտեսական աճի խթանման կարեւորագույն գործոններից էր, 2009 թվականի հունվար – մայիս ամիսներին կրճատվել է շուրջ 56 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հինգշաբթի կայացած կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել էր շինարարության ոլորտին, մասնավորապես, ասելով. - «Քանի որ շինարարության մեջ ներդրումները հիմնականում գալիս էին Ռուսաստանից, ապա մասնավոր տրանսֆերտների եւ ներդրումների ծավալի կրճատումը առաջին հերթին հարվածում է հենց շինարարության ոլորտին։ Դրա համար մենք լրացուցիչ միջոցառումներ պետք է իրականացնենք խթանելու շինարարությունը, որպեսզի այս տարի կարողանանք դիմագրավել այս բարդություններին»։

Շինարարության ոլորտին աջակցելու նպատակով կառավարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական 500 միլիոն դոլարի հակաճգնաժամային վարկի շուրջ 14 տոկոսը հատկացվելու է աղետի գոտում բնակարանային շինարարության ծրագրերին:Ապրիլին կառավարությունը նաեւ 25 միլիոն դոլարի վարկ էր ստացել Համաշխարհային բանկից` գյուղական տարածքներում ճանապարհաշինության եւ ենթակառուցվածքների զարգացման համար:

Հայաստանում շինարարությունը խթանելու նպատակով ապրիլին կառավարությունը որոշել էր նաեւ կառուցապատողների համար 20 միլիարդ դրամի (54 միլիոն դոլարի) պետական երաշխիքներ տրամադրել, որոնք շինարարական կազմակերպություններին հնարավորություն են տալիս վարկային միջոցներ ներգրավել առեւտրային բանկերից: Շինարարական ընկերությունների համար նախատեսվում են նաեւ որոշակի հարկային արտոնություններ: Կառավարությունը պատրաստվում է նաեւ ստեղծել պետական հիպոթեկային հիմնադրամ, որը կխթանի բնակարանային շինարարության պահանջարկը:

«Ամենածանր ամիսները լինելու են առաջին ինն ամիսները, տարվա վերջում տնտեսական ցուցանիշները կսկսեն բարելավվել», - հինգշաբթի նաեւ հայտարարել էր վարչապետ Սարգսյանը:

Նմանօրինակ կանխատեսմամբ վերջերս հանդես էր եկել նաեւ Համաշխարհային բանկի նախագահ Արիստոմենե Վարուդակիսը, ով կարծիք էր հայտնել, որ ակնկալում է տնեսության որոշակի կայունացում, մատնանշելով, որ տարեվերջին Հայաստանի ՀՆԱ-ի անկումը կկազմի 9-9.5 տոկոս:

«Մեր գնահատականներով, 2010 թվականին աճը կկազմի 1,5-2 տոկոս», - ասել էր Վարուդակիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG