Մատչելիության հղումներ

Ներքաղաքական պայքարը Իրանում տեղափոխվում է վիրտուալ տարածք


Ներքաղաքական պայքարը Իրանում աստիճանաբար տեղափոխվում է վիրտուալ տարածք: Լրատվական գրեթե լիակատար շրջափակման պայմաններում ինտերնետը մնացել է միակ միջոցը, որի օգնությամբ ընդդիմադիրները շփվում են միմյանց հետ եւ կարողանում իրենց ասելիքը հասցնել միջազգային հանրությանը:

Սա է պատճառը, որ Իրանի իշխանությունները արդեն մի քանի օր է, ինչ արգելափակել են մեծ ժողովրդականություն վայելող այնպիսի կայքեր, ինչպիսին են Facebook-ն ու Youtube-ը:

Սրան ի պատասխան, իրանցի երիտասարդները սկսեցին զանգվածաբար օգտվել կարճ հաղորդագրությունների համար նախատեսված Twitter ցանցից: Իրանական իրադարձություններում Twitter-ի առանցքային դերն ակնհայտ դարձավ, երբ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը պաշտոնապես դիմեց սոցիալական այս ցանցի սեփականատերերին` խնդրելով հետաձգել կայքի տեխնիկական վերազինման աշխատանքները, որոնց պատճառով Twitter-ը մի քանի ժամ շարունակ անհասանելի էր լինելու: Ամերիկացի դիվանագետները իրենց այս խնդրանքը բացատրել էին Իրանից տեղեկատվություն ստանալու եւ իրանցի ընդդիմադիրների ակտիվությունը կաթվածահար չանելու նկատառումներով:

Սրան զուգահեռ, վերլուծաբանները նկատում են, որ իրանական ինտերնետը եւս մի անակնկալ է մատուցել` ի հայտ են եկել ընդդիմադիր հաքերներ:

Բաց Հասարակության ինստիտուտի նյույորքյան կենտրոնակայանի աշխատակից Եվգենի Մորոզովն ասում է. - «Բավական լուրջ, ինքնաբուխ ակտիվության ականատեսն ենք դարձել: Ի հայտ են եկել մարդկանց խմբեր, որոնք նպատակաուղղված կերպով ծանրաբեռնում են իշխանական կայք էջերը, դրանք էլ, ի վերջո, չդիմանալով ծանրաբեռնված ինտերնետ թրաֆիքին, պարզապես շարքից դուրս են գալիս»:

Նրա խոսքով` նման պարզունակ, բայց շատ արդյունավետ հարձակման են ենթարկվել պաշտոնական ՖԱՐՍ գործակալության կայքը, ինչպես նաեւ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի պաշտոնական կայքէջը:

«Այսօր սա բավական սովորական մարտավարություն է դարձել աշխարհում: Վերջին անգամ նման վիրտուալ պատերազմ արձանագրվեց այս տարեսկզբին` Իսրայելի եւ Գազայի միջեւ: Ավելի վաղ նույն իրավիճակն էր Հարավային Օսիայի հակամարտության ժամանակ` Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ: 2007-ին գրեթե նույն կացությունն էր Ռուսաստանի եւ Էստոնիայի միջեւ», - նշում է նյույորքցի փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG