Մատչելիության հղումներ

Հունիսի 17-ի մամուլ


«Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը Պուտինի ողջունելու հնարավորություն ունեցել է, իսկ Սերժ Սարգսյանի հետ խոսելու հնարավորություն չունի», - գրում է «Առավոտ»-ը եւ փոխանցում Հակոբկոխյանի հետեւյալ խոսքերը. - «Եթե ես ոսկե ձկնիկ բռնեի, նրանից երեք բան կխնդրեի` մի օրով Վազգեն Սարգսյանին վերակենդանացներ, եւ նա իր աչքով տեսներ, թե իրենից հետո ովքեր են իրենց հերոսների տեղ դրել: Կխնդրեի Վանո Սիրադեղյանին Երեւան բերեր, ու նա իր աչքով տեսներ, թե այսօր քաղաքում ովքեր են իրենց լավ տղերք զգում: Նաեւ կխնդրեի, որ մեր առաջին տղամարդը ժողովրդին ընտրեր իրեն թիկնապահ ու լավ հասկանար, որ իր շրջապատի նազիր-վեզիրները առաջինը կփախնեն իրենից»:

«Չորրորդ իշխանություն»-ը զրուցել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Նա ասում է. - «Ես կարծում եմ, որ եթե մարտի 1-2-ի մասնակիցների վրա չտարածվի համաներումը, ապա համաներումը, որպես հասարակության կոնսոլիդացիայի մեխանիզմ, իր բուն նպատակին չի ծառայի… Ինձ համար կոնսոլիդացիան սա է. որ եթե ոստիկանության եւ հասարակության մի մասի միջեւ բախում է եղել, ուրեմն, եթե ոստիկանության վկայություններով խնդիրներ են եղել առաջացած, այդ մարդիկ պետք է գոնե համաներման միջոցով ազատ արձակվեն: Հնարավոր չէ, որ մի կողմը լրիվ սխալ լինի, իսկ մյուս կողմը՝ լրիվ ճիշտ: Այսինքն՝ կամ մեղավորները պետք է լինեն երկու կողմից էլ, կամ՝ ոչ մի կողմից»:

Ազգային ժողովի փոխնախագահ, մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասել է. - «Ճիշտ է, Փաստահավաք խմբի անդամները ինձ հանձնել են իրենց աշխատանքի արդյունքը, կարծիքն ու գնահատականները, սակայն ազատ են խորհրդապահական սկզբունքով գործելու պարտավորությունից։ Այսինքն՝ կարող են ազատորեն հրապարակել իրենց հայտնաբերած փաստերը, ինչպես դա արդեն մեկ անգամ եղել է, երբ դեռ Փաստահավաք խումբը լիարժեք աշխատում էր։ Պարզապես, կարծում եմ, հիմա դա չի արվում, քանի որ նախընտրական իրավիճակ չէ, իսկ արմատականներն էլ արձակուրդ են գնացել երեք ամսով։ Մեր խնդիրն է, նախեւառաջ կանխարգելել նման իրավիճակներ ստեղծելու հնարավորությունը։ Իսկ դրա համար առնվազն պետք է ինչ-որ բաներ չթաքցնել հասարակությունից ու սեփական աջակիցներից»:

«Կապիտալ»-ի թղթակիցը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրել է. - «Ի՞նչ քայլեր եք կատարելու հարկային ծառայությունում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ»։ Վարչապետը պատասխանել է. - «Դրա համար մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք հանրակացարանային համալիրներին, որպեսզի մեր ուսանողները հնարավորություն ունենան իրենց նվիրել կրթությանը, որպեսզի կենցաղային պայմանները բարվոք լինեն, ստանան գիտելիքներ։ Եթե նրանք ստանում են գիտելիքներ, ապա հայրենիքին ծառայում են ըստ արժանավույն։ Այսինքն՝ ունենում են բարձր ինտելեկտուալ մակարդակ, գիտելիքներ, ինչն էականորեն նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»։

Lragir.am-ը զրուցել է ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ (ՀՀԿ) Լեւոն Իգիթյանի հետ: Հարց. - «Լեւոն Տեր-Պետրոսյանին չեք համարում մտավորական, կարելի՞ է ենթադրել, որ Գագիկ Բեգլարյանին եք համարում մտավորական»: Պատասխան. - «Գիտեք ինչ, ես մտավորական համարում եմ այն մարդուն, որի համար մտավորական լինելն առաջին հերթին բարոյական կատեգորիա է: Թող ոչ ոք ինձ չասի` այ այսինչը գիտի ֆրանսերեն կամ չգիտեմ ինչ-որ էլի մի լեզու կամ կարդացել է 600 գիրք: Սա ծիծաղելի բան է, մանկական խոսակցություններ են: Մտավորական, շատ պայմանական բառ է, ինչ է նշանակում, սա բարոյական կատեգորիա է, ինչ ես ասում՝ ով քանի համալսարան է ավարտել, ինձ չի հետաքրքրում` ով Մոնտենի ստեղծագործության մասին ինչ կարծիք ունի… Քաղաքապետը պետք է լուրջ, փայլուն տնտեսվար լինի, երկրորդը` պետք է անսահման սիրի այս քաղաքը և պիտի խիղճ ունենա»: Հարց. - «Հայաստանը ժողովրդավարական պոտենցիալ ունեցող երկի՞ր եք համարում»: Պատասխան. - «Ես դեմոկրատիա չեմ սիրում, չեմ հավատում: Այդ դեմոկրատիայի շնորհիվ երկու տղամարդ գնում են եկեղեցի, պսակվում են, երբ շուրջը լիքը գեղեցիկ կանայք կան, տղամարդը տղամարդու տեղաշոր է մտնում, դա° է դեմոկրատիան: Ես համոզված եմ, որ քաղաքապետարանում մի վիճակ կստեղծվի, որ այնպես կաշխատեն, որ 4 տարի հետո ընտրարշավի կարիք չլինի, այ կտեսնեք… : Ընդհանրապես, ամեն մարդ պիտի իր գոյությունն արդարացնի: Գագիկ Բեգլարյանը, պարզ ասած, դմբուզ ունեցող տղա է: Մեր իրականությունն այդ տեսակ մարդ է պահանջում, ուժեղ տղա: Ես հարգում եմ ուժ ունեցող տղամարդկանց: Խոսքը միայն ֆիզիկականի մասին չէ, այլ նրա, ով վստահություն է ներշնչում»:

«Ազգ»-ը, հղում անելով Նյու Յորքի Turkishny.com կայքէջին, գրում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն վերստին անդրադարձել է Հայաստան - Թուրքիա հարաբերություններին՝ արտահայտվելով դրանց նորմալացման օգտին. - «Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայ-թուրքական հարաբերությունները ոչ միայն ազդում են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումների, այլեւ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա, եւ ասել է. «Դա ճիշտ չէ: Հայաստանի հետ մեր հարաբերությունները չպետք է ներազդեն թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG