Մատչելիության հղումներ

Արամ Կարապետյանը թերահավատ է խորհրդարանական հանձնաժողովի գործունեության արդյունավետության առումով


Հայաստան -- «Նոր ժամանակներ»-ի առաջնորդը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքում, 12-ը հունիսի, 2009 թ.

Հայաստան -- «Նոր ժամանակներ»-ի առաջնորդը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքում, 12-ը հունիսի, 2009 թ.

Մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը թերահավատ է հանձնաժողովի գործունեության արդյունավետության առումով:

Լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարող է հանձնաժողովը ներկայացնել կարեւորագույն հարցերի պատասխանները պարունակող եզրակացություն՝ Փաստահավաք խմբի ներկայացրած փաստերի եւ մինչ այժմ հայտնի հանգամանքների հիման վրա, Կարապետյանը ասաց. - «Իհարկե, ոչ: Եթե մարտի 1-ի հանձնաժողով չի եկել Ռոբերտ Քոչարյանը, բոլոր այն մարդիկ, որոնք, մեր ունեցած տեղեկություններով եւ մեր կարծիքով, եղել են նախագահականում ստեղծված ոչ ֆորմալ շտաբի անդամ»:

Նա հավելեց, թե խորհրդարանական հանձնաժողովում տիրող մթնոլորտն ընդհանրություն ունի Փաստահավաք խմբում եղած տրամադրությունների հետ:

«Փաստահավաք խմբում դա ուղղակի ավելի փակ էր, ու ավելի ցայտուն էին ներքին բախումները: Նույնը այստեղ է. միշտ փորձում են ինչ-որ դոզավորել ինֆորմացիան, այնպես ներկայացնել, ինչպես իրենց պետք է: Այսինքն՝ կարող եմ ասել, որ մեղմ՝ ոչ այդքան կոշտ, իշխանությունը փորձում է մարտի 1-ի հանձնաժողովով նույնպես «սվաղել» իրավիճակը», - ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ հանձնաժողովը դեռ «իր առաքելությունը չի կատարել»:

Փաստարկելով՝ նա ասաց, որ ո’չ ոստիկանական գործողությունների իրավաչափությունն է պարզվել, ո’չ մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները:


«Նոր ժամանակներ»-ի առաջնորդը նաեւ տարակուսանք հնչեցրեց Փաստահավաք խմբի՝ ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին վերաբերող՝ մամուլում հրապարակված զեկույցի շուրջ բարձրացած աղմուկի կապակցությամբ. - «Փաստահավաք խմբի հրամանագրի մեջ ամրագրված է, որ պատրաստի զեկույցները արդեն ենթակա են պաշտոնական հրապարակման»:

Կարապետյանի խոսքով՝ իշխանությունը հետընտրական շրջանում իրեն «բավականին ազատ է զգում». - «Կատարել են բավականաչափ լուրջ գործողություններ ընտրական գործընթացների դեմ, ֆիքսվել է այդ ամենը: Այս մարդիկ ուղղակիորեն բոլոր տեղերում նախագահի հետ երեւում են, հարսանիքներին իրար հետ պարում են, տժժացնում են… Եվ այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունը ընդհանրապես թքած ունի հասարակական կարծիքի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG