Մատչելիության հղումներ

Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները


Իրան -- Իրանցիները քվեարկում են նախագահական ընտրություններում, Թեհրան 12Jun2009
Իրան -- Իրանցիները քվեարկում են նախագահական ընտրություններում, Թեհրան 12Jun2009
Երեկ Իրանում «լռության օր էր, իսկ այսօր միլիոնավոր քաղաքացիներ քվեարկությամբ որոշում են, թե ով է ստանձնելու նախագահի պաշտոնը: Սա թվով արդեն 10-րդ նախագահական ընտրությունն է Իսլամական հանրապետությունում:

Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ցանկանում է վերընտրվել: Նրա հիմնական մրցակիցը նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին է, որին աջակցում է նախկին նախագահ Մոհամադ Խաթամին:

Առաջադրվել են նաեւ խորհրդարանի՝ Մեջլիսի նախկին խոսնակ Մեհդի Քարուբին եւ Իրանի հեղափոխական գվարդիայի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային:

Իրանում նախագահն ընտրվում է քվեների պարզ մեծամասնությամբ, եւ եթե առաջին փուլում հաղթող չի լինում, առավել քվեներ հավաքած երկու թեկնածուներն անցնում են երկրորդ փուլ:

Իրանում քվեարկության իրավունքը տրվում է 18 տարեկանից: Ընտրողների թիվը կազմում է շուրջ 46 միլիոն:

Ահմադինեջադը հայտնի է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հասցեին հնչեցրած սպառնալիքներով եւ հեգնական մեկնաբանություններով, որոնք, որպես կանոն, դրական արձագանք են ստանում բնակչության զգալի հատվածի կողմից, սակայն այս ընտրություններում, ըստ վերլուծաբանների, իրանցիներին ավելի շատ հետաքրքրում է տնտեսական բարդ կացությունը:

Նախօրեին Ահմադինեջադն ասել է, թե իր քննադատները «սիոնիստների կազմած կեղծ փաստաթղթերով փորձում են ստվեր գցել կառավարության տնտեսական հաջողությունների վրա»:
Թեկնածու Մուսավին անմիջապես արձագանքել է, թե «նախագահը պարզապես խաբում է մարդկանց, փորձելով թաքցնել իրականությունը»:

«Ազատութուն» ռադիոկայանի աշխատակից Մարտո Սողոմյանի կարծիքով, այսօրվա ընտրությունները կարող են ճակատագրական դառնալ Իրանի համար:

«Այս ընտրություններից հետո Իրանն այլեւս նախկին երկիրը չի լինելու: Ընդդիմության, կամ՝ այսպես ասենք, բարեփոխական թեկնածու Մուսավիի ներկայությունը պատճառ դարձավ, որ երիտասարդությունը մեկ անգամ եւս՝ ինչպես 1997 թվականին էր, երբ աջակցում էր Խաթամիին, այս անգամ էլ Մուսավիին սատարելու համար կազմակերպվի եւ դուրս գա փողոց: Այդ երիտասարդությունը դժվար թե ընտրություններից հետո տուն վերադառնա»,- ասել է Մարտո Սողոմյանը:

Նրա փոխանցմամբ, երիտասարդները կսպասեն Մուսավիի հաղթանակին: Եթե դա տեղի ունենա, Իրանը կսկսի փոխվել: Հակառակ դեպքում` երիտասարդները պահանջատեր կդառնան, ինչպես1999 թվականին, երբ հուսախաբ եղան Խաթամիի իշխանությունից:

Ըստ Սողոմյանի, կարեւոր գործոն է նաեւ այն հանգամանքը, որ Ահմադինեջադը նախընտրական արշավի ընթացքում վիրավորել է բավական ազդեցիկ քաղաքական շրջանակների ներկայացուցիչներին, այդ թվում` նախկին նախագահ Ալի Աքբար Ռաֆսանջանիին եւ նրա զինակիցներին, ներառյալ Խաթամիին:

«Այսպես թե այնպես ինչ-որ հաշվեհարդարներ ընտրություններից հետո կլինեն»,- ասել է Մարտո Սողոմյանն ու հավելել.- «Իսկ եթե հաղթի գործող նախագահը, ապա ոմանք թերեւս մտածեն ինքնաթիռի տոմս գնելու եւ Իրանից մի քանի տարով հեռանալու մասին»:

Իրանում բնակվում են մեծ թվով հայեր: Սողոմյանի փոխանցմամբ, իրանահայությունը ընտրություններում հավաքական դիրքորոշում չի ունենում: Այդպիսին արտահայտվում է այն ժամանակ, երբ խոսքը համազգային միասնություն ենթադրող հարցերի մասին է, իսկ այս դեպքում հայերը առաջնորդվելու են անհատական դիրքորոշումներով:

«Կարծում եմ, հայերն ընդհանրապես չեն քվեարկի, կամ էլ ավելի հակված կլինեն աջակցել Մուսավիին», - ասել է «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Մարտո Սողոմյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG