Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը դատապարտում է Փաստահավաք խմբի գործունեության դադարեցումը


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երեքշաբթի օրը տարածած հայտարարությամբ դատապարտում է Փաստահավաք խմբի գործունեության դադարեցումը՝ միաժամանակ շարունակելով պահանջելով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն` միջազգային փորձագետների մասնակցությամբ։

«Փաստահավաք խմբի ստեղծումը հնարավոր դարձավ հայաստանյան հասարակության եւ միջազգային հանրության, մասնավորապես ԵԽԽՎ-ի եւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի ակտիվ դերակատարության շնորհիվ», - ասված է հայտարարությունում։ - «Փաստահավաք խմբի աշխատանքը բարձր է գնահատվել ու նրա հույժ կարեւորությունը շեշտվել է ԵԽԽՎ-ի 1643 բանաձեւում։ Ապրիլին Փաստահավաք խումբը՝ ԱԺ խորհրդարանական հանձնաժովովին հանձնեց սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների մասին առաջին գրավոր զեկույցը, որում հավաքված փաստական նյութը գլխիվայր էր շրջում մինչ այդ իշխանության կողմից շրջանառվող վարկածը։ Աշխատանքը շարունակելու դեպքում կարճ ժամանակում նույն հանձնաժողովին պետք է ներկայացվեին եւս մի քանի զեկույց՝ մյուս սպանվածների մասով»։

«Փաստահավաք խմբի լուծարումը վարչախմբի բացահայտ կապիտուլացիան է այն անառարկելի փաստերի առջեւ, որ բացահայտվում էր խմբի աշխատանքի շնորհիվ եւ ինչը արդեն մեկուկես տարի ամեն կերպ ջանում է պարտակել վարչախումբը», - շարունակում են հայտարարության հեղինակները։ - «Իշխանությունն այս քայլին կարող էր գնալ միայն մի դեպքում, եթե Փաստահավաք խմբի արդեն իսկ հավաքած փաստերը պետք է աներկբա վկայեին մարտի 1-ի իրադարձությունների, մասնավորապես սպանությունների մեջ իշխանության պաշտոնաթող, ինչպես նաեւ ներկա բարձրագույն պաշտոնյաների հանցակցությունը։ Դատապարտելով փաստահավաք խմբի կասեցումը, մենք շարունակում ենք պահանջել մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն` միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Մենք նաեւ համոզված ենք, որ արտառոց այս փաստը ճիշտ արձագանք կգտնի ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ի, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի եւ այլոց կողմից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG