Մատչելիության հղումներ

logo-print

Լեւոն Քոչարյանի հայցը ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի բավարարվեց մասնակիորեն


Հայաստան -- նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որդու` Լեւոնի հետ, արխիվային լուսանկար

Հայաստան -- նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որդու` Լեւոնի հետ, արխիվային լուսանկար

Ուրբաթ օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի հայցը ընդդեմ «Հայկական Ժամանակ» օրաթերթի եւ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի բավարարել մասնակի՝ պահանջել տպագրված տեղեկության հերքում եւ բռնագանձել 3 միլիոն 600 000 դրամ:

Մնացած 12 միլիոն 500 հազար դրամ գումարի մասով հայցը մերժվեց:

«Հայկական ժամանակ»-ի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատարանի վճիռը որակեց «անհիմն եւ ապօրինի»:

«Կարող եմ ասել, որ սա շատ լուրջ հարված է խոսքի ազատությանը Հայաստանում: Պահանջը կատարելապես անհիմն է: Դատաքննության ընթացքում ուսումնասիրված ապացույցները թույլ չէին տալիս դատավորին կայացնել նման վճիռ: Թեպետ, եկեք լինենք ազնիվ, հասկանանք, թե որ երկրում ենք ապրում, ինչ պայմաններում: Մնացած մասով էլ մերժելը, դատավորի կողմից երեւի ջանքեր են պահանջվել, որ ինքը այդ թույլտվությունը ստանա», - դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասաց Աթանեսյանը: - «Ըստ երեւույթին, 3 միլիոն դրամը դա իրավաբաններին վճարած գումարն է, որի ապացույց չի ներկայացվել, իսկ 600 հազար մասը դա ուղղակի ֆանտազիայի աշխարհից է, հնարել են այդ գումարը»:

Փաստորեն դատարանը չբավարարեց հայցվորին պատճառված բարոյական վնասի դիմաց պահանջվող 12 մլն 500 000 դրամը, քանի որ Հայաստանի օրենսդրությամբ բարոյական վնասի կարգավորման իրավական նորմ գոյություն չունի:

Փորձեցինք մեկնաբանություններ ստանալ նաեւ Քոչարյանների ընտանիքի շահերը դատարանում ներկայացնող Արփինե Մելիքբեկյանից: Նա, սակայն, չխախտելով դատական մյուս նիստերի ավանդույթը, հրաժարվեց հարցազրույցից:

Դատարան ներկայացված հայցադիմումի համաձայն` օրաթերթի հրապարակած տեղեկությունները «հիմք են դարձել օգտագործել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լեւոն Քոչարյանի անունը` Հայաստանի Հանրապետության վարկանիշը գցելու, վարկաբեկելու եւ միջազգային հանրության առաջ հայերին որպես «խուլիգան» եւ «հանցագործ» ներկայացնելու եւ համանման որակներով պիտակավորելու համար, ինչն, անխոս, դիպչում է Հայաստանի Հանրապետության հանրային շահերին եւս»։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին «Հայկական Ժամանակ» օրաթերթն առաջին էջում լուր էր հապարակել, որում նշվում էր, թե Ամանորից առաջ Արաբական էմիրություններում տեղի ոստիկանները հարբած վիճակում ձերբակալել են Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն` Լեւոն Քոչարյանին: Հրապարակումից մի քանի օր անց խմբագրությունը ստացել էր Քոչարյանի շահերը ներկայացնող «Ջի փարթներշիփ» իրավաբանական ընկերության գրությունը, որով թերթից խնդրում էին հերքել լուրը: Թերթի ներկայացուցիչները հրաժարվել էին այն հերքել` դատարանում համապատասխան փաստարկներ ներկայացնելու հիմնավորմամբ:

«Հայկական Ժամանակ» օրաթերթի տնօրեն Աննա Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եւս մեկ անգամ պնդեց, որ թերթում տպագրվածը համապատասխանում է իրականությանը, իսկ աղբյուրը չբացահայտելը լրագրողի իրավունքն է եւ արվում է այդ աղբյուրի անվտանգության տեսնակյունից ելնելով:

Իսկ դատարանի վճիռը Աննա Հակոբյանը որակեց ինչ-որ իմաստով զավեշտալի. - «Որովհետեւ զարմանալի է, որ առաջին ատյանի դատարանի դատավորը չբավարարեց այն, ինչ որ պահանջում էր հայցվոր կողմը, եւ այնքան քաջություն ունեցավ, որ գումարային առումով իջեցրեց»:

«Հայկական Ժամանակ» օրաթերթը բողոքարկելու է դատավճռը:

«Դիմելու են վերաքննիչ դատարան, այնուհետեւ մյուս բոլոր ատյանները՝ ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարան, որովհետեւ բոլոր հիմքերն ունենք դրա համար», - ասաց Հակոբյանը:

Ի դեպ, դատարանը փաստորեն վճիռը հրապարակեց Լևոն Քոչարյանի հարսանիքի նախօրեին: Վաղը կայանալու է Լեւոն Քոչարյանի եւ երգչուհի Սիրուշոյի հարսանիքը: Մամուլում հրապարակված տեղեկություններով` հարսանեկան խնջույքը տեղի կունենա «Օջախ» ռեստորանային համալիրում, իսկ օրեր առաջ Հոլանդիայից հարսանիքի համար արդեն բերվել է 3 տոննա վարդ:
XS
SM
MD
LG