Մատչելիության հղումներ

logo-print

«Հայոց աշխարհ» օրաթերթը գրում է. - «Կանցնի եւս մի քանի օր, ու Երեւանի ավագանու ընտրությունների շուրջ կրքերը կհանդարտվեն վերջնականապես։ Կյանքը աստիճանաբար մտնում է սովորական հուն, իսկ հաղթողները ներկայումս ձեւավորում են թիմ, որն առաջիկա տարիներին կղեկավարի մայրաքաղաքը։ Եւ, կարծում ենք, ճիշտ ժամանակն է խոսելու որոշ կարեւոր բաների մասին»։

«Առավոտ»-ի խմբագրականը անդրադառնում է նախկինում եղած համաներումներին. - «Ազատազրկվածների հարազատները հուզվում էին՝ արդյո՞ք համաներումը տարածվում է նաեւ իրենց մտերիմների վրա: Կային նաեւ, այսպես կոչված, «կոռուպցիոն ռիսկեր», որովհետեւ որոշումները իրականում ընդունվում էին չինովնիկական կաբինետներում, իսկ նախագահը միայն ստորագրում էր: Բայց կարելի է վստահաբար ասել, որ նման իրարանցում, ինչպես վերջին 1,5 տարվա ընթացքում առաջացրել է նախագահի հնարավոր համաներումը, Հայաստանում երբեք չի եղել: Հասկանալի է, որ պատճառը համաներման քաղաքական ենթատեքստն է, քանի որ բոլորը կենտրոնացել են մարտի 1-ի դեպքերի համար մեղադրվողների վրա: Բազմիցս նշել եմ, որ այդ մարդիկ քաղբանտարկյալներ են. նրանք դատապարտվել են կամ դատվում են այն հանցանքների համար, որոնք չեն կատարել: Իսկ անցած ընտրությունների հետ կապված հնարավոր չէ չնկատել, որ քաղբանտարկյալներից ոմանք անազատություն մեջ էին պահվում ընտրակեղծիքները ավելի «սահուն» անցկացնելու համար: Օրինակ, Հակոբ Հակոբյանը Մալաթիայում կկարողանար որոշ չափով դիմակայել «օլիգարխիկ գրոհայինների»՝ ընտրատեղամասերի վրա հարձակումներին»:

«Հայք»-ը անդրադարձել է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստին՝ իր ուշադրությունը կենտրոնացնելով այն անձանց վրա, ում վրա համաներում չի տարածվելու: Թերթը գրում է. - «Արծվիկ Մինասյանը պարզաբանեց, որ եթե Հատուկ քննչական ծառայությանը հանկարծ հաջողվի մեղավորներին հայտնաբերել, ապա համաներումը նրանց վրա միանշանակ չի տարածվելու: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ համաներման իրենց առաջարկը վերաբերում է մարտի 1-ի գործերով բոլոր 54 մեղադրվողներին, 7-ի գործին, ինչպես նաեւ հետախուզման մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ համաներումը չի տարածվելու մարտի 1-ի 10 զոյերին սպանողների վրա, չի տարածվելու նրանց կրակելու հրաման տվողների վրա: Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանը ու մարտի 1-ի համար մյուս պատասխանատուները չեն կարողանալու հանգիստ շունչ քաշել, քանի որ համաներումը նրանց վրա չի տարածվելու»:

Ընտրական պրոցեսներին է անդրադարձել «Հայոց Աշխարհ»-ը. - «Շատերը, ցավոք, չեն հասկանում տարբերությունն ընտրությունների եւ կյանքի միջեւ։ Իշխանության գալու (կամ իշխանությունը պահելու) եւ աշխատանքի միջեւ։ Իսկ տարբերությունն ահռելի է։ Ընտրությունների արդյունքում իշխանության գալու համար պետք է, որ տասնյակ հազարավոր մարդիկ քվեարկեն քո օգտին։ Միաժամանակ անեն այն, ինչը դու ես ուզում։ Իսկ կյանքի համար անհրաժեշտ է, որ դու ամեն օր, ամեն ժամ անես այն, ինչ նրանք են ուզում։ ընտրյալը չի կարող ասել. ձե՛ռ քաշեք, հիմարներ, ես ասում էի այն պատճառով, որ ուզում էի հաղթել, ուզում էի կոտրել երկմտող ժողովրդի դիմադրությունը»։

«Կապիտալ-ը ներկայացնում է հետընտրական քաղաքական իրավիճակը. - «Մայրաքաղաքի ընտրությունները Սերժ Սարգսյանի իշխանությունն ավելի մոնոլիտ դարձրին: Քաղաքական առումով՝ կոալիցիայի գոյությունը դարձավ անիմաստ: ՀՀԿ-ի ակնհայտ առաջատարությունը վերջին ընտրություններում, ՀՅԴ-ի հեռանալը կոալիցիայից, ՕԵԿ-ի վերջին ֆիասկոն իշխանության ձևաչափի վերանայման անհրաժեշտություն են ծնել: Գործնականում՝ հստակեցման կարիք ունեն ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները, իսկ ՕԵԿ-ի քաղաքական արժեզրկման տրամաբանական հանգուցալուծումը կարող է դառնալ իշխանության ռեսուրսի լիակատար կորուստը: Իշխանության մոնոլիտությունը մեծացնում է Սերժ Սարգսյանի թիմի մանեւրելու հնարավորությունը, սակայն՝ նաեւ պատասխանատվությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG