Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս են ընթանալու ղարաբաղյան բանակցություները եւ, ի վերջո, ի՞նչ արդյունքի դրանք կհանգեցնեն։ Նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի սանկտպետերբուրգյան հանդիպումից առաջ բանակցային ներկա փուլում առկա իրավիճակը գնահատելու փորձ է կատարել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

1998-ից մինչեւ 2008 թվականը որպես Հայաստանի արտաքին գործերի նախարար պաշտոնավարած Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին տրամադրած մեկնաբանության մեջ իրադարձությունների զարգացման երեք հնարավոր տարբերակ է կանխատեսում. - «Առաջին սցենարը` հաստատուն հրադադարի պահպանումն է։ Երկրորդ տարբերակը` պատերազմի վերսկսումն է, ինչը նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում: Եվ երրորդը հիմնախնդրի` բանակցությունների արդյունքում ձեռք բերված լուծումն է»:

Օսկանյանի խոսքով` վերջին տարբերակը, իհարկե, ամենացանկալին է, եւ տարածաշրջանում հաստատուն խաղաղության կհանգեցնի։ Այս տարբերակի իրագործումը, սակայն, ըստ Օսկանյանի, «պահանջում է այնպիսի մի փաստաթղթի մշակում, որն իր մեջ էական փոխզիջումներ կպարունակի»։

Ինչ վերաբերում է մյուս երկու սցենարներին, ապա ստատուս քվոյի գաղափարին, ըստ Օսկանյանի, կտրականապես դեմ է միջազգային հանրությունը։

«Թեեւ միջազգային հանրության մեծամասնությունը` այդ թվում միջնորդները, ավտոմատ կերպով մերժում են այս տարբերակը՝ այն համարելով անընդունելի եւ անկայուն, պարտադիր չէ, որ այս մոտեցումը ճիշտ լինի։ Բազմաթիվ պատմական օրինակներ կան, երբ դեռ երեկ անիրական թվացող այլընտրանքը դառնում է այսօրվա գերադասելի ու իրատեսական լուծումը»։

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման սցենարին, ապա, Օսկանյանի համոզմամբ, հայկական կողմը պատերազմական գործողությունների դիմելու որեւէ պատճառ չունի. - «Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, դա կլինի երրորդ դեպքը, երբ նրանք փորձում են [հարցը ռազմական ճանապարհով լուծել]։ Նրանց այս փորձը կարելի կլինի հաջողված համարել միայն մի դեպքում՝ եթե հնարավոր լինի հասնել «վերջնական լուծման»։ Սա Ադրբեջանի համար շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քան՝ հայկական կողմի»:

Խոսելով բուն բանակցային պրոցեսում արձանագրվող խորքային զարգացումների մասին` Օսկանյանը հատուկ ընդգծում է, որ կարգավորման գործընթացի վրա մի շարք գործոններ են ազդում։

Նախկին արտգործնախարարը դրանք բաժանում է չորս խմբի։ Առաջինը` խոշոր տերությունների գլոբալ եւ տարածաշրջանային շահերն են եւ այն հարաբերությունները, որ հաստատվել են այդ պետությունների միջեւ։ Երկրորդ գործոնը միջազգային հարաբերություններում նկատվող հիմնական միտումներն են, որոնք արտացոլվում են միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի որոշումներում եւ օրակարգում։ Երրորդ գործոնը, ըստ Օսկանյանի, հակամարտող երկու պետություններում տիրող ներքաղաքական ու տնտեսական իրավիճակներն են։ Չորրորդն էլ` բանակցային պրոցեսի մասին հակամարտող կողմերի պատկերացումներն են, դրանց ցուցաբերած դիվանագիտական մոտեցումներն ու դիրքորոշումները։

«1992 թվականից ի վեր դիվանագիտական ակտիվության բոլոր փուլերում այս չորս գործոնները անուղղակի ազդեցություն են ունեցել եւ երբեք այսքան նշանակալի ու փոփոխական բնույթ չեն կրել, որքան այսօր։ Ավելին՝ այս գործոնները երբեք այսքան անկանխատեսելի փոփոխությունների փուլում չեն գտնվել », - նշում է Օսկանյանը։

Այս փոփոխություններից Օսկանյանը մատնանշում է մեր տարածաշրջանում ամերիկյան նոր վարչակազմի մոտեցումները, Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի մեկնարկը:

Փոփոխվող գործոններից ամենաէականը, սակայն, ամերիկյան վարչակազմի ջանքերն են` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

«Բարաք Օբաման լրջորեն ջանում է նպաստել այդ հարաբերությունների հաստատմանը` փորձելով նախ փոխհատուցել այն հանգամանքը, որ ապրիլի 24-ին չարտասանեց «ցեղասպանություն» բառը», - գրում է Օսկանյանը` հավելելով. - «Հայաստանը ու Թուրքիան, ճիշտ է, տարբեր պատճառներից դրդված՝ ցանկանում են երկկողմ հարաբերություններում առաջընթաց արձանագրել»։

Օսկանյանի պնդմամբ, տարածաշրջանում զգալի է նաեւ անցած տարվա ռուս-վրացական պատերազմի ազդեցությունը, իսկ միջազգային կառույցներում ի հայտ են եկել միմյանց հակասող մոտեցումներ ու ուղղություններ` հատկապես Կոսովոյի անկախության հռչակումից հետո։

«Ռուսաստանը` հակադրվելով իր համոզմամբ՝ Կոսովոյի անկախության միակողմանի հռչակմանը, փորձեց հավասարակշռել այս գործընթացը։ Դա ավարտվեց նրանով, որ Ռուսաստանը նույն քայլին դիմեց արդեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պարագայում։ Այլ կերպ ասած` Ռուսաստանն ու Արեւմուտքը, անկախության ընտրովի ճանաչում իրականացնելուն զուգահեռ, շարունակում են խոսել տարածքային ամբողջականության գաղափարի գերակայության մասին։ Այս հակասական իրադրությունը, որ ստեղծվել է առաջատար տերությունների մեղքով, թե’ հակամարտող կողմերից, թե’ միջնորդներից նուրբ դիվանագիտական խուսանավումներ է պահանջում», - նշում է նախկին արտգործնախարարը։

Հակասությունների այս կծիկի ֆոնին հավանակա՞ն է արդյոք հարցի կարգավորումը։ Օսկանյանը հիշեցնում է, որ բանակցությունների 15 տարիների ընթացքում կարգավորման հինգ տաբերակներից չորսը մերժվել են, մեկն էլ այսօր կողմերը շարունակում են քննարկել. - «Հիմնախնդիրը, սակայն, դյուրին լուծում չի ստանա, քանի դեռ հայկական ու ադրբեջանական կողմերը ունեն մի մոտեցում որը, նրանց համոզմամբ, ավելի ձեռնտու է, քան բանակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնությունը»։

«Հայերի համար այդ տարբերակը ստատուս քվոն է, Ադրբեջանի համար` պատերազմը», - նշում է Վարդան Օսկանյանը` եզրափակելով. - «Հաստատուն խաղաղության մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ կողմերը կբավարարեն նաեւ դիմացինի նվազագույն պահանջները, այլ ոչ միայն իրենցը։ Մինչ սա տեղի կունենա, կողմերը պետք է բանակցություններում իրենց դիրքորոշման վերաբերյալ բավարար ներքին կոնսնենսուս ձեւավորեն։ Առայժմ նման բան չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG