Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հարցով հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Բալթիկայի աստղ» հյուրանոցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հերթական բանակցությունները «շատ դրական» գնահատվեցին երկու երկրների արտգործնախարարների կողմից:

Երկու երկրների նախագահների թվով 5-րդ հանդիպումը սկսվեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի եւ Բեռնար Ֆասիեի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահները հանդիպումը շարունակեցին դեմ առ դեմ ձեւաչափով: Մոտ 2.5 ժամ տեւած բանակցություններն այնուհետեւ կրկին շարունակվեցին ընդլայնված կազմով:



Հայաստանի եւ Ադբեջանի արտգործնախարարները հանդիպման ավարտին փոխանցեցին, որ «շատ հաջող է անցել հանդիպումը»՝ թեեւ որեւէ լուրջ առաջխաղացում չկա, որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել, որեւէ բանի շուրջ չեն պայմանավորվել:

Ասվեց, որ հանդիպումը երկուստեք «շատ դրական է գնահատվել», կողմերը արդեն «քննարկում են այն հարցերը, մոտեցնում են դիրքորոշումները այն հարցերին, որոնց շուրջ դեռ չկա համաձայնություն»:

«Չնայած այսօր չի կարելի խոսել ճեղքման կամ էական առաջընթացի մասին, կողմերը, այդուհանդերձ, առաջ են շարժվում եւ պայմանավորվել են շարունակել բանակցությունները», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշեց, որ բանակցությունները շարունակվում են նույն «Մադրիդյան սկզբունքների» շուրջ, բանակցային սեղանին հենց այդ սկզբունքներն են եւ փորձում են մոտեցնել կողմերի դիրքորոշումները այն մի քանի կետերի շուրջ, որ դեռ համաձայնեցված չեն»:

Հարցին, թե արդյո՞ք այսօրվա հայտարարությանը չի հետեւի Մամեդյարովի մեկ այլ հայտարարություն, թե Հայաստանը փոխել է իր դիրքորոշումը եւ «ավելի կոշտ դիրքորոշում է ցուցաբերել», ինչպես դա եղել է Պրահայում կայացած հանդիպումից հետո, Ադրբեջանի արտգործնախարարը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այսօր նման հայտարարություն անելու համար «փաստեր չունի»:

«Իմ լավ տրամադրվածությունը եւ գնահատականը հիմնված է տեղի ունեցած բանակցություններում իմ լսած փաստերի եւ իրողությունների վրա», - ասաց Մամեդյարովը:

Նրա խոսքով, սանկտպետերբուրգյան բանակցությունները շատ ավելի հաջող են անցել, քան Պրահայի բանակցությունները:

«Այն, ինչ մենք այսօր լսեցինք, հիմք է ստեղծում, որպեսզի մենք շարեւնակենք աշխատել», - հայտարարեց Մամեդյարովը:

Հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԵԱՀԿ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասաց. - «Չեմ կարող ասել, որ բանակցությունները շրջադարձային փուլի են հասել: Դեռեւս աշխատանք կա անելու: Սակայն առաջընթաց եղել է»:

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում», - ասված է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հայտարարությունում: - «Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջ շարժվել բանակցային գործընթացում: Երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակել աշխատանքները կողմերի մոտեցումների համաձայնեցման եւ Հայաստանի ու Ադրբեջանի Նախագահների նոր հնարավոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ»:

Ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ:

Երեկոյան Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընթրիքը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG