Մատչելիության հղումներ

logo-print

Մյասնիկ Մալխասյան. - «Համաներումից կարեւոր գործեր կան»


Մեկ տարուց ավելի անազատության մեջ գնտվող Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը չորեքշաբթի օրը դատարանի դահլիճում, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց. - «Համաներման կապակցությամբ հանդես գալու փոխարեն Սերժ Սարգսյանը ճիշտ կաներ՝ արդարադատություն ապահովեր երկրում»:

«Համաներումը դա նախագահի սահմանադրական իրավունքն է», - հայտարարեց Մալխասյանը: - «Ինձ [համար] շատ ավելի կարեւոր է, որ արդարադատություն իրականացվի եւ նորմալ դատավարություն, որպեսզի մենք կարողանանք ապացուցել, թե ինչպիսի շինծու գործ է այստեղ»:

«Համաներումից կարեւոր հարցեր կան», - հավելեց Մալխասյանը՝ մանրամասնելով. - «Ինձ պետք է, որ երկրում արդարադատություն լինի, եւ այդ դեպքի բոլոր մեղավորները, իրոք, կանգնեն դատարանի առջեւ եւ մեզ պատասխան տան, որ մեզ տարիուկես ապօրինի պահել են: Սա ինձ համար շատ ավելի կարեւոր է»:

Հնարավոր համաներման կապակցությամբ իր դիրքորոշումն արտահայտեց նաեւ հետընտրական իրադարձությունների առնչությամբ անազատության մեջ հայտնված Գրիգոր Ոսկերչյանը. - «Ճիշտն ասած՝ շատ չի հետաքրքրում նախագահի որոշումները»:

Անազատության մեջ գտնվող մեկ այլ պատգամավոր՝ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, թե չի հավատում, որ համաներում կլինի. - «Ես ոչ մի բանի չեմ հավատում: Ի՞նչ համաներում, ի՞նչ է եղել, որ համաներում [հայտարարվի]: Ես դրա իմաստը չեմ հասկանում: Ուրիշ բան՝ գործերը կարճվի»:

Ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ դատավարությունների ընթացքին հետեւող իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծիք հայտնեց, թե համաներման կապակցությամբ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը վկայում է, որ նրա համար առաջնահերթ նշանակությունն «իր մասին իրեն անհրաժեշտ տպավորություն թողնելն է»:

«Քանի որ բոլոր վերջին շրջանի տոներից առաջ խոսակցություններ են տարածվում հասարակության մեջ համաներում կիրառելու մասին.. ու չի լինում այդ համաներումը՝ չեղավ նաեւ մայիսի 28-ին, ես կարծում եմ, որ դրա հիմնական նպատակը Սերժ Սարգսյանի կողմից հասարակության մեջ համաներման շուրջ աժիոտաժ ստեղծելն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հարությունյանը: - «Համաներումը, եթե դա նույնիսկ լինի մոտ կամ հեռու ապագայում, նրա համար երկրորդական խնդիր է: Նա անընդհատ ուզում է այդ աժիոտաժը, այդ քննարկումները թողնել հասարակության մեջ, որպեսզի անընդհատ տպավորություն լինի, որ իր, հենց անձամբ իր կամքից է կախված մարդկանց ազատության մեջ գտնվելը»:

Իրավապաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ համաներումն առհասարակ բարի կամքի դրսեւորում է: Իսկ ընդդիմության ներկայացուցիչները, ըստ Վարդան Հարությունյանի, համաներման կարիք չունեն:

«Քաղբանտարկյալները հանցագործներ չեն, առանց մեղքի բանտարկված են եւ համաներման կարիք, անկասկած, չունեն: Առավել եւս՝ այն իշխանության կողմից, որը քաղաքական պատվերի շրջանակներում նրանց բանտ է նստեցրել», - ասաց նա:

Սահմանադրությամբ եւ համապատասխան օրենքներով սահմանված լիազորությունների ֆոնին եւ համաներման հարցի շուրջ ստեղծված մթնոլորտում, ըստ Վարդան Հարությունյանի, բացահայտվում է նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ինքնագնահատականը. - «Դա շատ կարեւոր է. նախագահը պետք է իրեն զգա նախագահ: Լեգիտիմության գլխավոր պայմանը դա է: Նախագահը կարող է իր կամքով հայտարարել համաներում՝ առանց որեւէ մեկի կարծիքը հաշվի առնելու, եւ առանց սեթեւեթելու: Եվ առանց ասելու՝ եկեք դուք ինձ համոզեք՝ ես համաներում կհայտարարեմ… Այստեղ խնդիր է ուղղակի ծագում՝ Սերժ Սարգսյանը զգո՞ւմ է իրեն նախագահ: Եթե զգար՝ նա համոզվելու կարիք չէր ունենա»:
XS
SM
MD
LG