Մատչելիության հղումներ

logo-print

«Նաիրիտ»-ի աղետը «տեխնոգեն էր»


Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանի քլորոպրենի արտադրամասում մայիսի 14-ին տեղի ունեցած աղետը, որից զոհվել էր չորս մարդ, տեխնոգեն էր, թեեւ, ըստ Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի՝ մարդկային գործոնը նույնպես դեր է խաղացել:

«Կարծես թե, արդեն պարզ է, թե ինչի արդյունքում է վթարը տեղի ունեցել», - չորեքշաբթի օրը լրագրողների ասաց Մովսիսյանը: - «Ամեն դեպքում վերջնական չէ՝ մինչեւ հանձնաժողովը իր եզրակացությունը չտա»:

Նախարարի խոսքով, ներկայուս գործում է երկու աշխատանքային խումբ. մեկը փորձում է վերհանել աղետի պատճառները, երկրորդը իրականացնում է վերականգնման աշխատանքները:

Ըստ Արմեն Մովսիսյանի, «Նաիրիտ»-ի սեփականատեր, բրիտանական «Ռայնովիլ» ընկերության հետ համատեղ անցկացված նախնական ուսումնասիրություններից պարզվել է, որ վերականգնման աշխատանքների համար կպահանջվի մեկ ամիս եւ 150-200 հազար դոլար:

«Ունենք սեփականատիրոջ հետ հստակ պայմանավորվածություն, որ մինչեւ վթարի առաջացման պատճառները չհասկանանք, նորից գործարկում չի գնա: Դեմոնտաժային աշխատանքները հիմնականում ավարտված են, նախագիծը այդ վթարի վերականգման արդեն ունենք, եւ իրենց նախանշած ժամկետներում, իմ կարծիքով, կհասցնեն վերականգնել եւ նորից վերագործարկել գործարանը»:

Այս հայտարարությունները նախարար Մովսիսյանն արեց Երեւանի ջերմաէլեկտրակայանի նոր էներգաբլոկի շինհրապարակում: Հենց 271 մեգավատտ հզորությամբ Երեւանի ՋԷԿ-ը, Իրան –Հայաստան գազատարի պայմանագրի շրջանակներում ընգրկված «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» բանաձեւի իրագործման հիմնական մասնակիցներից մեկն է:

«Ոչ միայն այս ՋԷԿ-ը, այլեւ մեր բոլոր հզորությունները կմասնակցեն այս բանաձեւին», - ասաց Մովսիսյանը: - «Նոր կայանը ցանցի մեջ կմտնի ապրիլ ամսին եւ, բնականաբար, դրանից հետո ինքը կմասնակցի այդ բանաձեւի իրականացմանը»:

Իրան - Հայաստան գազատարը գործարկվել է այս տարվա մայիսի 15-ին: Կողմերի միջեւ 2004 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն, Հայաստանը իրանական գազի դիմաց կվճարի էլեկտրաէներգիայով՝ յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց՝ 3 կիլովատտ/ժամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG