Մատչելիության հղումներ

logo-print

Վահանգ Խաչատրյան. «Մայիսի 31-ին տեղի ունեցածը չի կարելի անվանել ընտրություններ»


Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարեց, որ մայիսի 31-ին Երեւանում տեղի ունեցածը «չի կարելի անվանել ընտրություններ»:

Խաչատրյանի խոսքով, արդար ընտրություններ հնարավոր կլինի անցկացնել միայն այն դեպքում, երբ քաղաքացիները չենթարկվեն որեւէ պաշտոնյայի կամ ուժային կառույցի ներկայացուցչի, ով «կպարտադրի անօրինական գործողություններ»:

Վահագն Խաչատրյանը, միաժամանակ, կասկած հայտնեց, թե դա այսօր հնարավոր է անել. - «Ես հիմա մտածում եմ՝ ես եթե լինեի վստահված անձ ընտրատեղամասում, իմ անձի նկատմամբ ի՞նչ կանեին… Երկու կարծիք ունեմ: Մինչեւ հիմա հակված էի, որ չեն կարող անել: Բայց իմ ընկերները, ովքեր գտնվել են ներսում՝ այդ թվում նաեւ կրթություն ստացած, քաղաքական փորձ ունեցող, ինձ համոզում են, որ չէիք կարող ոչինչ անել: Որովհետեւ ես տեսել եմ ընտրությունից հետո լացող տղամարդիկ՝ 50 տարեկան, 60 տարեկան, 40 տարեկան, որոնց արժանապատվության վիրավորանքը այնքան մեծ էր, որ չէին կարող թաքցնել»:

Նա հավելեց, որ Հայ ազգային կոնգրեսը կպայքարի Հայաստանում փոփոխությունների եւ իշխանափոխության համար, սակայն ոչ թե ուժային մեթոդներով. - «Մենք երբեւիցե չենք թողնի, որ երկրում քաղաքացիական պատերազմ լինի: Որովհետեւ դա իրականում Հայաստան պետության, Հայաստանի երրորդ հանրապետության կորուստ է լինելու: Եթե մարդիկ իրականում իրենց ձայնի համար պայքարում են, եթե մարդը իրոք գնահատում է, որ ինքը գնացել է, ձայնը տվել է ու ձայնը տեղ չի հասել, այդ մարդիկ պիտի գան այսօր մեր կողքին կանգնեն»:

«Կամ մենք չենք գնացել՝ այդ մարդկանց լավ բացատրել, կամ այդ մարդիկ մեզ չեն հավատում, մեր կողքին չեն», - շարունակեց նա: - «Եթե կա 70 հազար ձայն, որ մեզ են տվել, եւ այդ 70 հազար ձայնը այսօր մեզ հետ է, դա արդեն ահռելի թիվ է: Եվ վաղը եթե պատրաստ է այդ 70 հազար ձայնը մեզ հետ կանգնի մեկ օր, երեք օր, հինգ օր, տասը օր, եւ պահանջի երկրում բարեփոխումներ, դեմոկրատիայի վերականգնում, մենք մեր նպատակին կհասնենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG