Մատչելիության հղումներ

Հունիսի 3-ին մեկնարկում է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի այցը Մերձավոր Արեւելք։ Օբաման նախ կժամանի Սաուդյան Արաբիա, որտեղ կայանալու է նրա հանդիպումը թագավոր Աբդալայի հետ։

Վերլուծաբանների կարծիքով, ԱՄՆ-ի նախագահի այցը Էռ-Ռիադ նախեւառաջ նպատակ ունի վերականգնել այն սերտ դաշնակցային հարաբերությունները, որ գոյություն ունեին երկու երկրների միջեւ` մինչեւ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները։ Հիշեցնենք, որ նյույորքյան հարձակումներն իրականացրած խմբի անդամների մեծ մասը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին։

Վաղն արդեն Օբաման Սաուդյան Արաբիայից կժամանի Եգիպտոս։ Կահիրեում Օբամայի օրակարգի թիվ մեկ կետը Եգիպտոսի ամենահեղինակավոր «Ալ-Ասհար» համալսարանում նախատեսված ելույթն է։ Ամերիկյան լրատվամիջոցների կանխատեսմամբ, Բարաք Օբամայի այս ելույթը կարող է ծրագրային բնույթ ունենալ` ազդելով իսլամական աշխարհի եւ արեւմուտքի հետագա հարաբերությունների վրա։

Նախագահ Օբաման, BBC-ին տված հարցազրույցում այս մասին ասել է. - «Մեր ցանկությունը երկխոսություն սկսելն է։ Իսլամական աշխարհի մի որոշակի հատվածում թյուրըմբռնումներ կան` կապված այս տարածաշրջանում Միացյալ Նահանգների խաղացած դերի հետ։ Նմանատիպ թյուրըմբռնումներ կան նաեւ արեւմուտքում` իսլամական աշխարհի հանդեպ, եւ ես անկեղծորեն կարծում եմ, որ մեկ ճառով հնարավոր չէ լուծել առկա բոլոր խնդիրները. կան քաղաքական հարցեր, որոնց վրա հարկավոր է լրջորեն աշխատել, եւ դա հեշտ գործ չէ։ Սակայն այս այցը երկու կողմերի համար միմյանց լսելու եւ տարբեր մշակույթների մասին ինչ-որ նոր բան իմանալու հնարավորություն է ստեղծում»:

Օբամայի այցի նախաշեմին հեղինակավոր Gullap սոցիոլոգիական ծառայությունը հրապարակել է արաբական 11 պետություններում անցկացված հարցման արդյունքները, որոնց համաձայն, Օբամայի պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում արաբական աշխարհում Միացյալ Նահանգների վարկանիշը զգալիորեն աճել է։

Եգիպտոսում օրինակ` 2008-ի հունիսին ԱՄՆ-ի մերձավորարեւելյան քաղաքականությունը դրական էր գնահատում հարցվածների 6 տոկոսը: Այս տարվա մարտին այդ ցուցանիշն արդեն 25 տոկոս էր կազմում։ Թունիսիում` ԱՄՆ քաղաքականությանը դրական վերաբերվողների թիվը 14 տոկոսից հասնել է 37-ի։ Ալժիրում նույն այդ ցուցանիշը 25 տոկոսից հասել է 47-ի:

Արաբական աշխարհի միակ կետը, որտեղ ԱՄՆ-ի վարկանիշը շարունակում է անկում ապրել` Պաղեստինն է։ Այսօր ամերիկյան քաղաքականության կողմնակիցների թիվն այստեղ ընդամնեը 7 տոկոս է։ Gullap-ի մասնագետների կարծիքով դրա պատճառը իսրայելցիների կողմից Գազայի հատվածի ռմբակոծությունների ժամանակ Բարաք Օբամայի «կրավորական ու անտարբեր» դիրքորոշումն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG