Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հրաժարվում է ավագանու մանդատներից


Տեր-Պետրոսյանը ողջունում է հանրահավաքի մասնակիցներին, 1-ը հունիսի, 2009թ.
Տեր-Պետրոսյանը ողջունում է հանրահավաքի մասնակիցներին, 1-ը հունիսի, 2009թ.

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, որը կիրակի օրը կայացած քվեարկության նախնական արդյունքներով, զբաղեցրել է երրորդ տեղը եւ կարող է ստանալ Երեւանի ավագանու 65 տեղերից 13-ը, հրաժարվում է մանդատներից:

Մատենադարանի մոտ երկուշաբթի երեկոյան անցկացված բազմամարդ հանրահավաքի իր ելույթում ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «մայիսի 31-ի ընտրակեղծիքներով Սերժ Սարգսյանը այրեց բոլոր կամուրջները»:

«Կամուրջները այրված ենք համարում, եւ հրաժարվում ենք որեւէ երկխոսությունից իշխանությունների հետ», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: - «Կոնգրեսի անդամ կուսակցությունների որոշմամբ, «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ցուցակում անդամագրված բոլոր ավագանու թեկնածուները հրաժարվում են իրենց մանդատներից»:

Բնորոշելով անցած ընտրությունները՝ Հայաստանի առաջին նախագահը ասաց, որ դրանք Հայաստանի Հանրապետության «ամենաայլանդակ ընտրություններն էին». - «Եթե Սերժ Սարգսյանը եւս մի հաջորդ ընտրություն էլ նրա օրոք տեղի ունենա, այդ ընտրությունը ավելի այլանդակ է լինելու, քան այս մեկը: Քանի մենք կանք, իսկ մենք հավերժ ենք, մեր միակ կարգախոսը լինելու է՝ Սերժիկ, հեռացիր… Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահը չէ… Նա բռնազավթիչ է, որից պետք է անհապաղ ազատվել եւ կանգնեցնել դատարանի առջեւ»:


Անդրադառնալով ընդդիմության հետագա քայլերին՝ Տեր-Պետրոսյանը ասաց. - «Երբեք հապշտապ որոշումներ չեմ կայացրել: Մինչեւ մենք լրջորեն չվերլուծենք ե’ւ իրադրությունը, ե’ւ զարգացման տենդենցները, մեր եւ իշխանությունների հնարավորությունները, մենք ժողովրդին որեւէ արկածախնդրության չենք տանի»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընդդիմությունը վիճարկելու է ընտրությունների օրինականությունը:

«Դիմելու ենք ե’ւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ե’ւ վարչական դատարան՝ ընտրությունները անվավեր ճանաչելու: Շատ մեծ կարեւորություն չտալով այս հարցին՝ սա մենք անելու ենք մինչեւ վերջ՝ եթե հարկ լինի՝ անգամ եվրոպական ատյաններ: Անկախ սրանից, մենք շարունակելու ենք հզորացնել համաժողովրդական պայքարը այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր վերջնական նպատակին՝ ավազակապետության վերացմանը», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG