Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի վաղ առավոտյան հրավիրած նիստում ամփոփեց Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Ստացած քվեների տոկոսային համամասնությամբ Երեւանի ավագանիում տեղ գրավելու համար սահմանված նվազագույն շեմը հաղթահարել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը (47,39 տոկոս), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (22,71 տոկոս) եւ Հայ ազգային կոնգրեսը (17,41 տոկոս):

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ժամը 9:10 կազմած արձանագրության համաձայն, որը ստորագրվել է հանձնաժողովի 8 անդամներից 7-ի կողմից, ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 771 հազար 477 երեւանցիների կեսից ավելին` 412 հազար 464-ը: Վավեր քվեաթերթիկների թիվը 401 հազար 310 է, անվավեր ճանաչվածներինը` 10 հազար 493, անճշտությունների թիվը` 2 հազար 104:

Բոլոր տեղամասերում ընտրողների քվեների ամփոփումից հետո պատկերը հետեւյալն է՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 190 հազար 171, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 91 հազար 141, Հայ ազգային կոնգրես նախընտրական դաշինք՝ 69 հազար 871, «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 20 հազար 959, Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 18 հազար 648, Ժողովրդական կուսակցություն՝ 8 հազար 569, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 1 951 քվե։


Ստացած քվեների տոկոսային համամասնությամբ Երեւանի ավագանիում տեղ գրավելու համար սահմանված նվազագույն շեմը հաղթահարել են երեք քաղաքական ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (47,39 տոկոս), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (22,71 տոկոս) եւ Հայ ազգային կոնգրես նախընտրական դաշինքը (17,41 տոկոս): Նվազագույն շեմը հաղթահարելու համար կուսակցություններին անհրաժեշտ էր ստանալ քվեների առնվազն 7 տոկոսը, իսկ նախընտրական դաշինքների դեպքում այդ շեմը սահմանվել է 9 տոկոս։

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Երեւանի քաղաքապետը ընտրվում է: Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:

Քվեաթերթիկներում ընդգրկված էր 7 կուսակցություն եւ դաշինք` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Քուշկյանը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Գագիկ Բեգլարյանը, Ժողովրդական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Տիգրան Կարապետյանը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արծվիկ Մինասյանը, Հայ ազգային կոնգրեսը, որի ցուցակը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Մովսես Շահվերդյանը, եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հեղինե Բիշարյանը:

Համաձայն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որեւէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով:

Նախնական տվյալների ամփոփիչ արձանագրությունը հրաժարվեց ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը:

«Ես չեմ ստորագրել ոչ թե` որ կամակորություն եմ անում կամ որպես ընդդիմություն չեմ ստորագրում, այլ ես ականատես եմ եղել բազմաթիվ ընտրակեղծիքների, որը եւ ինձ լրիվ հիմքեր է տալիս ե’ւ չընդունելու այդ արդյունքները, ե’ւ չստորագրելու արձանագրությունը», - պարզաբանեց Զոյա Թադեւոսյանը:

Նա նիստի ընթացքում փորձեց հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանից ճշտել, թե ինչո՞ւ է քվեարկության մասնակիցների թիվը կիրակի երեկոյան արձանագրվածից հետո ավելացել շուրջ 5 հազարով: «Ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ. որովհետեւ հաշվել էին ստորագրությունները, հայտնել թիվը: Ես անձամբ խոսել էի մեր [«Ժառանգություն»-ից] ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների հետ, նրանք էին ինձ հաղորդել, եւ մենք ստացել էինք նույն թիվը: Բայց առավոտյան պարզվեց, որ նրանք 5 հազարով ավելի են: Դա իրականում կեղծիք է` ինչ-որ մի կուսակցության ձայները ավելացնելու նպատակով», - ասաց «ժառանգություն»-ից ԿԸՀ-ի անդամը:

Այդ կապակցությամբ Գարեգին Ազարյանի պարզաբանումը հետեւյալն էր. - «Չեմ կարող ասել` ինչու են թվերն ավելացել: Ինչ-որ տեղամասեր երեւի, ընտատարածքներից երբ որ թվերը մուտքագրել են, այդ տեղամասերի արդյունքները չեն եղել: Կամ ունեցել ենք անբարեխիղճ հանձնաժողովականներ, որոնք ոչ բոլոր ստորագրություններն են հաշվել»:

Դաշնակցությունից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Համլետ Աբրահամյանը ստորագրելուց առաջ հայտարարեց, թե չի ցանկանում անդրադառնալ տարբեր տեղամասերում կատարված խախտումներին, քանի որ այն, ինչ կատարվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7 եւ թիվ 8 ընտրատարածքների տեղամասերում, մոռացության է մատնում մնացածը:

Դաշնակցության ներկայացուցիչը ընտրությունների նախնական արդյունքների ամփոփիչ արձանագրությունը ստորագրեց վերապահումով եւ խոստացավ վերջնական կարծիք հայտնել քվեարկության արդյունքների ամփոփման նիստում:

Հանձնաժողովի քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը, նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ խախտումներ եւ թերացումներ է արձանագրել նաեւ ԿԸՀ-ն` Մալաթիա-Սեբաստիա համայնքում, սակայն դրանց ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա դեռ պետք է պարզվի:

Իսկ հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ավելի քան 10 հազար անվավեր քվեաթերթիկների առկայությունը, Բախչագուլյանը պատասխանեց. - «Մեր ընտրողները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պատրաստված անիմացիոն մուլտֆիլմը լավ չեն դիտել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG